Աբելյան. Հավաքականում «բարդակ» է, անազնիվ, անառողջ մթնոլորտ![]() 24 մարտի 2025 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Մարզական մեկնաբան Արման Աբելյանն, անդրադառնալով ազգային հավաքականի վերջին ջախջախիչ պարտություններին Վրաստանի թիմի հետ հանդիպումներում, նշել է, որ հավաքականի ներկայիս ձախողումն անսպասելի չի եղել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նա նշել է, որ հավաքականում «բարդակ» է, անազնիվ, անառողջ մթնոլորտ, թիմը ներսում բաժանված է խմբերի։ «Խայտառակության պարզաբանում: Նախորդ գրառման մեջ նշել էի մեր հավաքականում «թիմ» գաղափարի բացակայության մասին, փակագծերը չբացեցի, որովհետև առջևում նոր խաղ կար։ Ուրեմն, հավաքականում «բարդակ» է, անազնիվ, անառողջ մթնոլորտ, այս ձախողումն անակնկալ չէ։ Հավաքականը ներսում բաժանված է մի քանի խմբի` տեղացիներ, Ռուսաստանից եկածներ, և այլն, և այլն... Կան ֆուտբոլիստներ, որոնց երկար համոզելով անձնագիր են տվել, նրանք հավաքականում խաղում են անձնական շահերի համար ու երաշխավորված տեղ ունեն հիմնական կազմում։ Անառողջ վիճակի բազմաթիվ օրինակներ կան հենց ներսից, որոնք մի քանի, միմյանցից անկախ վստահելի աղբյուրներ են հնչեցրել անձնական զրույցներում։ Ֆուտբոլիստ կա ներողություն էր խնդրում հայերեն չխոսելու համար, 2 տարի է անցել օրհներգից մի բառ էլ չի երգում։ Տեղացիների մեջ էլ կան, որ լրիվ չեն նվիրվում, բայց խնդիրը, կրկնում եմ, անազնիվ մթնոլորտն է։ Եվ մարզիչն այս վիճակում խաղից մեկ օր առաջ «փուռն է տալիս» Ռանոսին` իրեն դնելով խիստ մարզչի տեղ։ Ոչ մի նորմալ մարզիչ նման բան չէր անի մեկ օր առաջ, այլ անհամաձայնության լուծումը կթողներ հետագայի։ Մարզիչը դրանից առաջ իր հայտարարությամբ նույն կերպ էր վարվել նաև Ադամյանի հետ` ուղղակի ասելով, որ նա այլևս չի ուզում խաղալ հավաքականում (ձևակերպում, որ մարդկանց էլ ավելի է տրամադրելու նրա դեմ)։ Եվ թող չթվա, թե Պետրակովին չէին մոտենում նման հարցերով... Արտոնյալները, հավաքականը զուտ լավ կարիերա ունենալու միջոց օգտագործողները միշտ են այդպիսին եղել։ Թիմի լիդերներն էլ իրենց տեղում չեն, այլապես Ռանոսը կխորհրդակցեր նրանցից գոնե մեկի հետ մինչև մարզչի հետ խոսելու գնալը։ Ռանոսն անմեղ չէ, բայց այս հարցն այլ կերպ և այլ պահի պետք է լուծում ստանար։ Եվ այստեղ ֆուտբոլիստների անուններն էական չեն, անառողջ մթնոլորտում ամեն ինչ հնարավոր է։ Արհեստական ստեղծված թիմ, որը ԹԻՄ չէ։ Իսկ հավաքականում դա է ամենակարևորը, ավելի, քան տակտիկան կամ տեխնիկան”,–ասվում է գրառման մեջ։ Նշվում է, որ այս ամենի միակ պատասխանատուն Ֆուտբոլի ֆեդերացիան է, որը ձախողել է ոլորտների մեծամասնությունում, հավաքականն էլ ազգային չէ, «այլ` միջազգային»։ «Եվ հավաքականն այդ խնդիրների չնչին մասն է միայն»,–գրել է Աբելյանը։ Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղում Երևանում պարտություն է կրել Վրաստանի ընտրանուց 0։3 հաշվով, իսկ պատասխան խաղում՝ Թբիլիսիում պարտվել է 1։6 հաշվով։ Հայաստանի հավաքականի միակ գոլը երկրորդ խաղակեսում խփել է Էդգար Սևիկյանը։ Այս արդյունքով Հայաստանի թիմը պահպանել է իր տեղը C դիվիզիոնում, իսկ Վրաստանի հավաքականը տեղափոխվել է B դիվիզիոն։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |