Ադրբեջանագետ. ՀՀ–ն կենսական խաղաքարտեր է զիջել Բաքվին՝ դիմացը ոչ մի բան չստանալով

Ադրբեջանագետ. ՀՀ–ն կենսական խաղաքարտեր է զիջել Բաքվին՝ դիմացը ոչ մի բան չստանալով

PanARMENIAN.Net - Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է, որ Ադրբեջանը նոր պահանջներով է հանդես գալիս՝ ցույց տալով, որ իրեն պետք է գործընթացի շարունակականություն։ Նա հավելել է, որ այս ընթացքում Հայաստանն Ադրբեջանին զիջել է իր կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ: Նա այդ մասին գրել է Տելեգրամի իր ալիքում։

Նա նշել է, որ պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է, որը նա վարում է 2021–ից։

Ինչո՞ւ, որովհետև Նիկոլ Փաշինյանը երբ 2021 թվականից սկսած՝ մտել է Ադրբեջանի թելադրած այս գործընթացի մեջ, չի հասկացել (կամ գուցե այլ հաշվարկ է եղել), որ ինքն այդ գործընթացում զիջելու է խաղաքարտեր։ Եթե հիշեք, այդ պայմանագիրն այն ժամանակ քննարկվում էր նաև Լեռնային Ղարաբաղի հարցի համատեքստում՝ իրավունքների, անվտանգության մասին հիշատակումներով։

Այս քաղաքականության հետևանքով է, որ Ադրբեջանը պետական մակարդակով սկսել է կոչել «Արևմտյան Ադրբեջան», և եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում տեսնել այդ հետևանքները, դրանից դառն իրականությունը չի փոխվում։ Մի հայտնի խոսք կա՝ եթե դու ինձ չես նայում, չի նշանակում, թե ես քեզ չեմ տեսնում։

Ու եթե նա ինքն իրեն փորձում է համոզել, որ պետք է շարունակի գնալ այդ ուղղությամբ, ապա դա Հայաստանի վրա շատ թանկ գին է արժենում, որովհետև այս ընթացքում Հայաստանն Ադրբեջանին զիջել է իր կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ՝ բացի ագրեսիայի նոր սպառնալիքից։ Ու դա փաստ է»:

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
---