Վանեցյան. Եթե Սերժ Սարգսյանը պատմեր՝ ինչ է լինելու, ուր է հասնելու երկիրը, որևէ մեկը կհավատա՞ր

Վանեցյան. Եթե Սերժ Սարգսյանը պատմեր՝ ինչ է լինելու, ուր է հասնելու երկիրը, որևէ մեկը կհավատա՞ր

PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե «ով բերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին», ինչու նախկին նախագահ «Սերժ Սարգսյանը տվեց իշխանությունը», ասել է, որ եթե Սերժ Սարգսյանը պատմեր, թե ինչ է լինելու, ուր է հասնելու երկիրը, որևէ մեկը հավատալո՞ւ էր։ Նա այդ մասին խոսել է 24News-ի եթերում։

«Եթե Սերժ Սարգսյանը պայքարեր, մի քանի հարյուր մարդ զոհվեր, և նա պատմեր, թե ինչ է լինելու հետագայում, ոչ ոք չէր հավատա, թե երկիրն ուր կհասնի։ Ներկայիս իրավիճակին հավատալն ուղղակի անհնար կլիներ»,–ասել է նա։

Ըստ Վանեցյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ստորագրի պայմանագիրը, քանի որ վստահ չէ, որ Փաշինյանը առաջիկայում կշարունակի ղեկավարել Հայաստանը։

Նրա կարծիքով, Փաշինյանը՝ լինելով պարտված, հոգեբանորեն ճնշված, չի կարող խաղաղություն բերել Հայաստանին, իսկ ընդդիմությունը պետք է տա ապագայի նկատմամբ լուծումներ։

Վանեցյանը շեշտել է, որ Փաշինյանը պատրաստվում է Ալիևի հետ ստորագրել ոչ թե պայմանագիր, այլ համաձայնագիր, որը որևիցե իրավական հետևանքներ չի ունենալու։ Դրանից հետո նա գնալու է 2026-ի ընտրություններին ու ասելու է՝ եթե ուզում եք հարատև խաղաղություն, ուրեմն ինձ ձայն տվեք, որպեսզի ստորագրեմ պայմանագիրը։

Նա նաև հավելել է, որ այս պահին չունի իր քաղաքական ուժով փողոցային ակցիաներ սկսելու որոշում, սակայն չի բացառում որևիցե զարգացում։

«Չբացառելով փողոցային ակցիաները՝ պետք է պատրաստ լինենք գնալու նաև ընտրությունների», - նկատել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

 Ուշագրավ
---