ՔՊ պատգամավոր․ Մեր նվազագույն կենսաթոշակը 1 շնչի հաշվով գերազանցում է պարենային զամբյուղի արժեքը

ՔՊ պատգամավոր․ Մեր նվազագույն կենսաթոշակը 1 շնչի հաշվով գերազանցում է պարենային զամբյուղի արժեքը

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն չպակասի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը չպակասի սպառողական զամբյուղի ամսական արժեքից։ Այd մասին Ազգային ժողովի մարտի 25-ի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա նաև նշել է, որ առաջարկվում է՝ ՀՀ կառավարությունը պատասխանատու լինի սպառողական զամբյուղի էներգետիկ արժեքը, դրա կազմն ու կառուցվածքը սահմանելու հարցում։ Հիմք ընդունելու համար առաջարկվում է կատարել օրենքում փոփոխություն՝ նախորդ տարվա 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով հաշվարկված պարենային և սպառողական զամբյուղի արժեքները, հայտնում է 1lurer.am-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձել է նախագծին՝ նշելով, որ այն արդեն քննարկվել է հանձնաժողովում և բացասական եզրակացություն ստացել։

«Այս պահին մեր նվազագույն կենսաթոշակը 1 շնչի հաշվով գերազանցում է պարենային զամբյուղի արժեքը»,- նշել է Տիգրանյանը։

Տիգրանյանն ընդգծել է, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում արդեն ամրագրված է, որ կենսաթոշակի նվազագույն չափը պետք է համատեղելի լինի կենսաապահովման նվազագույն բյուջեի հետ։

«Հետևաբար, կրկնաբանություն անել և անցումային դրույթներում ավելացնել մի կետ, որ 2026-ի հունվարից հետո նվազագույն և միջին թոշակը պիտի համապատասխանեն պարենային և սպառողական զամբյուղին, ըստ էության, այն է, ինչ մեր հանձնառությունն է, և մենք դա իրականացնում ենք։ Ասեմ ավելին՝ օրենքում ամրագրելու անհրաժեշտություն չկա, որովհետև ընտրանքային, իշխող քաղաքական թիմից վերցնել սոցիալական բլոկի մեկ հանձնառություն և դրան տալ օրենքի ուժ, կարծում եմ՝ արդար չէ նաև մեր մյուս հանձնառությունների նկատմամբ»,- ասել է Տիգրանյանը։

Պատգամավորը նշել է նաև, որ անկախ օրենքի ընդունվելուց, իշխող թիմի հանձնառությունն արդեն հաստատվել է Կառավարության ծրագրով։ Նա ընդգծել է, որ իշխանությունները զբաղվում են աշխատանքով՝ նվազագույն կենսաթոշակը և միջին աշխատանքային կենսաթոշակը հավասարեցնելու նպատակով պարենային և սպառողական զամբյուղներին։

«Մենք մեզ համար դրել ենք հիմնական վերջնանպատակ, որ նվազագույն կենսաթոշակը և միջին աշխատանքային կենսաթոշակը համապատասխանաբար հավասարեցնենք պարենային զամբյուղին և սպառողական զամբյուղին, ավելին՝ հավասարեցնենք նաև պարենային ու սպառողական զամբյուղների արժեքը»,- ավելացրել է Տիգրանյանը։

Նա նաև նշել է, որ վերջին 4 տարիներին Կառավարությունը հետևողական է եղել իր հանձնառության իրականացման մեջ՝ բարձրացնելով կենսաթոշակները մոտ 22 տոկոսով։

Նա նաև շեշտել է, որ գործող հետվճարի համակարգը հնարավորություն է տալիս կենսաթոշակի բարձրացման համար, ուստի ընդդիմության ներկայացրած նախագիծը ոչ մի նորություն չի բերում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---