Միրզոյան. Այս պահին չկա ըմբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի համաձայնագիրը

Միրզոյան. Այս պահին չկա ըմբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ պաշտոնական Երևանն առաջարկել է Բաքվին սկսել խորհրդակցություններ՝ հստակեցնելու խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը, ժամը և անհրաժեշտ այլ հարցերը։

Նա հավելել է, որ այս պահին չկա ընբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի համաձայնագիրը, հայտնում է Aysor.am-ը։

«Այս պահին նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո արդեն նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում։ Պետք է շարունակենք աշխատել, բանակցել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ։ Այս պահին չկա ըմբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի համաձայնագիրը։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացին և դնել մեր ստորագրությունը»,-ասել է Արարատ Միրզոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

 Ուշագրավ
---