ԱՄՆ դատարանը ժամանակավոր կասեցրել է «Ազատության» ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը![]() 26 մարտի 2025 - 13:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) որոշման իրականացումը՝ բավարարելով լրատվամիջոցի ներկայացրած հայցը։ Դատարանի որոշման համաձայն՝ գործակալությունը պետք է ձեռնպահ մնա «Ազատության» փակմանն ուղղված որևէ քայլից մինչև գործի վերաբերյալ հիմնական դատական նիստերը, որոնք նախատեսված են առաջիկայում։ Դատավոր Ռոյս Լամբերթը, ով ստորագրել է 10 էջանոց որոշումը, ընդգծել է, որ այդ որոշման ուժի մեջ մտնելը կարող է «Ազատություն» ռադիոկայանին «անուղղելի վնաս» հասցնել։ «USAGM-ի ղեկավարությունը չի կարող մեկ արտահայտությամբ՝ գրեթե առանց հիմնավորման, ստիպել «Ազատություն» ռադիոկայանին դադարեցնել գործունեությունը, նույնիսկ եթե դա նախագահի հրամանն է», - հայտարարել է դատավորը, հայտնում է «Ազատությունը»: Դատարանը նաև կասեցրել է գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական Քերի Լեյքի մարտի 15-ին ստորագրած որոշման կիրարկումը, որով դադարեցվել էր Կոնգրեսի հաստատած դրամաշնորհի հատկացումը ռադիոկայանին։ Ամերիկյան դատարանը առաջիկայում կքննի նաև լրատվամիջոցի պահանջը՝ USAGM-ին պարտադրելու տրամադրել մոտ 77 միլիոն դոլար՝ ընթացիկ ֆինանսական տարվա մնացած հատվածի համար՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի վերջը։ «Մենք գնահատում ենք դատավոր Լամբերտի հստակ որոշումը։ Հակասահմանադրական է մերժել Կոնգրեսի հատկացրած միջոցների տրամադրումը ֆինանսական տարվա մնացած մասի համար», - ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը։ Նախքան այդ որոշումը՝ մարտի 24-ին, USAGM-ն հայտնել էր, որ պատրաստվում է «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել մարտի 1-14-ն ընկած ժամանակահատվածի համար Կոնգրեսի կողմից հատկացված 7.46 միլիոն դոլարը։ Գործակալությունը նշել էր, որ այդ գումարը ռադիոկայանը կստանա մինչ ամսվա ավարտը։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը հիմնադրվել է 1953 թվականին որպես անկախ լրատվամիջոց՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող կառույց, որն իր գործունեությունն իրականացնում է USAGM-ի միջոցով։ Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որով նախատեսվում էր կրճատել յոթ դաշնային գործակալություններ, այդ թվում՝ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը։ Նույն օրը լրատվամիջոցները տարածել էին USAGM-ի ուղարկած նամակը, ըստ որի՝ դադարեցվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը՝ չնայած Կոնգրեսի հաստատմանը։ Նամակի հեղինակը եղել է Քերի Լեյքը, ով հանդես է եկել գործակալության ղեկավարի կողմից լիազորված պաշտոնյան։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը հայտարարել է, որ դրամաշնորհի չեղարկումը կլինի «հսկայական նվեր Ամերիկայի թշնամիների համար»։ Լրատվամիջոցը դիմել է դատարան՝ պահանջելով կանխել Կոնգրեսի կողմից տրամադրված ֆինանսավորման դադարեցումը՝ հիմնավորելով, որ նման քայլը խախտում է դաշնային օրենսդրությունը, ներառյալ ԱՄՆ Սահմանադրությունը, ըստ որի՝ միայն Կոնգրեսն ունի դաշնային ծախսերը վերահսկելու բացառիկ իրավասություն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |