ԱԳ փոխնախարարը՝ Վիեննայում․ Բաքվի արձագանքն ու հաջորդած գործողությունները և հիասթափեցնող են, և տագնապալի

ԱԳ փոխնախարարը՝ Վիեննայում․ Բաքվի արձագանքն ու հաջորդած գործողությունները և հիասթափեցնող են, և տագնապալի

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Վիեննայում՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում, ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման գործընթացը, դրա քաղաքական նշանակությունը և առաջիկա քայլերը:

Նա նշել է, որ խաղաղության ամենակարճ ուղին հենց համաձայնագրի ստորագրումն է, սակայն Ադրբեջանի արձագանքը և դրան հաջորդած գործողությունները և հիասթափեցնող են, և տագնապալի:

«Երեք տարվա ինտենսիվ բանակցությունների արդյունքում 2025թ. մարտի 13-ին Հայաստանը համաձայնել է Համաձայնագրի վերջին տարբերակին և այս որոշման մասին տեղեկացրել է ադրբեջանական կողմին:

Փաստաթղթի վերջնականացումը մեծ առաջընթաց է և հանգրվան, որը որոշիչ դեր է խաղում տասնամյակներ շարունակվող հակամարտությունում՝ պատմական հնարավորություն ընձեռելով ճանապարհ հարթելու տարածաշրջանային խաղաղության համար: Ավելորդ է ասել, որ այս գործընթացը պահանջել է խաղաղության օրակարգին անկեղծ հանձնառություն, անխոնջ ջանքեր և ռազմավարական համբերություն՝ գտնելու մի շարք զգայուն խնդիրների լուծումներ և հաղթահարելու սկզբնական տարբերությունները: Այսպիսով, այս բոլոր ջանքերի արդյունքում մենք վերջնականացրել ենք տեքստի նախագիծը և այժմ պատրաստ ենք քննարկումներ սկսել պաշտոնական ստորագրման ժամկետները և վայրը որոշելու համար: 2025թ. մարտի 20-ին Հայաստանի վարչապետն առաջարկել է Ադրբեջանի նախագահին համատեղ քննարկումներ սկսել Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ:

Մեր մի շարք միջազգային գործընկերներ ողջունել են այս դրական զարգացումները և քաջարելել են կողմերին շարունակել կառուցողական ներգրավվածությունը՝ ուղղված Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը և խաղաղության օրակարգի այլ ուղղություններով դրական արդյունքների գրանցմանը:

Ի զարմանս մեզ, Ադրբեջանի արձագանքը և դրան հաջորդած գործողությունները և՛ հիասթափեցնող են, և՛ տագնապալի: Իր միակողմանի հայտարարությամբ Ադրբեջանը, ընդունելով Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների վերջնականացման փաստը, միաժամանակ առաջ է քաշել արհեստական նախապայմաններ:

Հայաստանը մշտապես հայտարարել է, որ տասնամյակներ տևած թշնամանքի ընթացքում կուտակված բոլոր խնդիրները մեկ համաձայնագրով լուծելն անհնար է: Դա ակնհայտ է: Այնուամենայնիվ, Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կստեղծի նպաստավոր միջավայր և ճանապարհ կհարթի բոլոր չլուծված հարցերի հասցեագրման և կարգավորման համար»,–ասել է նա։

Փոխնախարարը հավելել է, որ որպես Հայաստանի կառուցողականության միակողմանի ապացույց՝ Ադրբեջանը պահանջում է Մինսկի գործընթացի կառույցների դադարեցում՝ չնայած այն փաստին, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը մի շարք առիթներով ի ցույց է դրել իր կառուցողական մոտեցումը: Նրանք նաև պահանջում են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրականացում՝ պնդելով, որ Հայաստանի անկախության հռչակագիրը, որին հղում է արված մեր Սահմանադրության նախաբանում, Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ է ներառում:

«ՀՀ–ն արդեն իսկ բարձրագույն մակարդակներով արտահայտել է իր դիրքորոշումը. մենք պատրաստ ենք դիտարկել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների դադարեցումը: Սակայն, անհրաժեշտ է երաշխավորել, որ այս քայլը համահունչ է հակամարտության փաստացի և իրավական ավարտին: Մինսկի գործընթացի կառույցների հետագա գործունեության կարիք չի լինի այն պահից, երբ Խաղաղության համաձայնագիրը ստորագրվի՝ պաշտոնական և ինստիտուցիոնալ կերպով արձանագրելով հակամարտության ավարտը: Հակառակ դեպքում, դա կնշանակի սայլը ձիուց առաջ դնել: Եթե Ադրբեջանը ցանկանում է վերջ դնել այս կառույցի գոյությանը, ապա ամենատրամաբանական և լեգիտիմ կարճ ճանապարհը՝ Համաձայնագրի ստորագրումն է:

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը, ապա ցանկանում եմ տեղեկացնել մասնակից պետություններին, որ 2024թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանը, սահմանային հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վավերացման շրջանակում, ընդունել է որոշում՝ հաստատելով, որ Կանոնակարգը, ներառյալ՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը, համահունչ է ՀՀ սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ ԽՍՀՄ լուծարման պահին գոյություն ունեցող սահմաններով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, որը նաև արտացոլված է Համաձայնագրում, ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, և Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամաբ: Այլ կերպ ասած, Ադրբեջանի մտահոգությունների փարատման ամենակարճ ուղին նույնպես Համաձայնագրի ստորագրումն է:

Ավելին, Սահմանադրական դատարանը նշել է, որ Հայաստանի անկախության հռչակագրի այն դրույթներն ունեն սահմանադրական ուժ, որոնք ուղիղ արտացոլված են ՀՀ սահմանադրության հոդվածներում, մինչդեռ Հռչակագրի այն դրույթները, որոնք ուղիղ ներառված չեն Սահմանադրության հոդվածներում, չեն կարող որևէ իրավական ուժ ունենալ:

Այսպիսով, ևս մեկ անգամ ընդգծենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի պարունակում որևէ դրույթ, որը կարող է ենթադրել տարածքային պահանջ որևէ երրորդ երկրի նկատմամբ»,–ասել է Աբիսողոմյանը։

Նա հավելել է, որ, իրականում, մտահոգություն է առաջացնում հենց Ադրբեջանի սահմանադրությունը, քանի որ այն պարունակում է դրույթներ, որոնք ենթադրում են տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։

«Ադրբեջանի սահմանադրության նախաբանում հղում է արվում Ադրբեջանի խորհրդարանի կողմից 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված Սահմանադրական ակտին։ Իսկ այդ Սահմանադրական ակտում հղում է արվում 1918թ. ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունն ընդգրկում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը։ 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, որում ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի շուրջ 60 տոկոսը ներառված էր Ադրբեջանի կազմում։ Այսպիսով, Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Բայց այդ դեպքում ինչո՞ւ մենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության հարցը։ Խաղաղության համաձայնագրում ներառված է հոդված, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ Համաձայնագրի չկատարումը արդարացնելու նպատակով։ Մեկ այլ հոդված սահմանում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չներկայացնել։ Ավելին, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների շրջանակում։

Հետևաբար, Խաղաղության համաձայնագիրը, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելուց, Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ Սահմանադրական դատարանների եզրակացությունը ստանալուց և վավերացվելուց հետո, կունենա ցանկացած ներքին օրենքի նկատմամբ գերակա իրավաբանական ուժ։

Այս առումով, ցանկացած այլ հարցի առաջ քաշումը՝ որպես փաստաթղթի ստորագրման նախապայման, նշանակում է նվազագույնը խաղաղության հաստատման ձգձգում»–ասել է նա։

Փոխնախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանի ապատեղեկատվական արշավին՝ ուղղված սահմանի երկայնքով հրադադարի ենթադրյալ խախտումներին։

«Ինչու՞ պետք է Հայաստանը պատրաստվի ուժ կիրառել։ Ի՞նչ օրակարգային հարց կարող է ենթադրել ուժի կիրառումը Հայաստանի Հանրապետության կողմից»,–ասել է նա։

Նա հիշեցվել է, որ Ադրբեջանի օկուպացիայի տակ է մնում ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք Հայաստանի ինքնիշխան հողերից։ Չնայած այս իրողությանը, Հայաստանը բարձրագույն մակարդակով հստակ հայտարարված դիրքորոշում ունի՝ չդիմել այս խնդրի ռազմական կարգավորմանը։ Սահմանազատման ընթացող գործընթացը և Խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստում ներառված են բոլոր անհրաժեշտ իրավական և խաղաղ միջոցները՝ հարցին լուծում տալու համար։ Հայաստանը շարունակում է գործել իր որդեգրած խաղաղության սկզբունքներին հավատարիմ։

«Այս տրամաբանության մեջ, Հայաստանի պաշտպանության նախարարությունն սկսել է քննել հրադադարի ենթադրյալ խախտումների առկայությունը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի կողմից՝ տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմամբ հետաքրքրված լինելու պայմաններում, արվել է առաջարկ ադրբեջանական կողմին՝ ստեղծել հրադադարի խախտումների համատեղ հետաքննության մեխանիզմ։ Առաջարկվել է նաև մի շարք լրացուցիչ քայլեր, ներառյալ զորքերի հայելային հետքաշում սահմանային գծերից և փոխադարձ վերահսկողության մեխանիզմ սպառազինության նկատմամբ։ Ցավով արձանագրվել է, որ այս կառուցողական առաջարկները որևէ դրական արձագանքի չեն արժանացել ադրբեջանական կողմից, ինչը լրջորեն կասկածի տակ է դնում պարբերաբար հնչող մեղադրանքների իրական շարժառիթները։

Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմի մեղադրանքները ներառված են որոշակի մշակված քաղաքականության շրջանակում, որով Ադրբեջանը պարբերաբար ուժեղացնում է ապատեղեկատվության տարրերով հագեցած քարոզչական հոսքերը՝ արդարացնելու նպատակով նոր լարվածություն տարածաշրջանում։ Նման մարտավարություն, ըստ հայկական կողմի, բազմիցս ներկայացվել է ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությանը 2020 և 2023 թվականներին։ Տրվել է զգոնության կոչ՝ նման գործողությունների օրինաչափ բնույթի նկատմամբ։ Ապատեղեկատվության տարածումը և անհիմն մեղադրանքների շրջանառությունը չեն դիտարկվում որպես պարզապես ճշմարտության խեղաթյուրում, այլ՝ տարածաշրջանում հնարավոր ռազմական լարումների ազդակներ։ Այս մարտավարությանը պետք է արձագանքել զգուշությամբ՝ կրկնապատկելով խաղաղության ուղղությամբ տարվող ջանքերը։

Հայաստանի նկատմամբ վերջին շրջանում տարածվող սպառնալիքները և լարումների խորացմանն ուղղված հռետորաբանությունն արձանագրվել են որպես այդ նույն մտահոգիչ օրինաչափության շարունակություն՝ հիշեցնելով անցյալի ռազմական լարվածության դեպքերը։ Հայաստանը շարունակում է պնդել, որ խաղաղության համար պահանջվում է զսպվածության պահպանում և կառուցողական երկխոսություն։ Տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վստահելի միջավայր, որը պետք է հիմնված լինի անկեղծ համագործակցության և պատասխանատու մոտեցման վրա, այլ ոչ թե սպառնալիքների ու փոխադարձ մեղադրանքների”«–ասել է փոխնախարարը։

Եզրափակելով ելույթը՝ Հայաստանի ներկայացուցիչը ևս մեկ անգամ շեշտել է, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել Խաղաղության համաձայնագիրը՝ առաջարկելով ադրբեջանական կողմին սկսել խորհրդակցություններ փաստաթղթի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Վերջին ուղերձը հստակ է եղել՝ «Մենք գնում ենք խաղաղության, ոչ թե պատերազմի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

 Ուշագրավ
---