«Մայր Հայաստանի» Գյումրիի գրասենյակի խուզարկության հետևանքով ձերբակալվածներ կան![]() 27 մարտի 2025 - 14:44 AMT PanARMENIAN.Net - «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում իրականացված խուզարկության արդյունքում ձերբակալություններ են իրականացվել ընտրակաշառքի մասին տեղեկությունների հիման վրա։ Այդ մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, հայտնում է Factor.am-ը։ Խուզարկության մասին ավելի վաղ տեղեկացրել էր «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Ավելի ուշ, Ներքին գործերի նախարարությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն տարածել են պաշտոնական հաղորդագրություններ։ «Ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին»,- նշվում էր Կոմիտեի հայտարարությունում։ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը, արձագանքելով դիտարկմանը, թե ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի վարկանիշն ընկել է, դրա համար էլ իշխանությունները բռնաճնշումներ են իրականացնում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ, ասել է, որ դրանով իշխանությունն էլ ավելի են գցելու Սարիկ Մինասյանի վարկանիշը, հայտնում է Aysor.am-ը։ «Իշխանությունն էլ ավելի է գցելու Սարիկ Մինասյանի վարկանիշը։ Սա Գյումրին է, էսքան տղերքի մոտ, որ էս խնդիրներն առաջ են գալիս... Վերջն էս պատմությունները մնալու են Սարիկի վզով. էսքան մարդու ձերբակալել, կալանավորել․․․ Սարիկի համար էսքան բանն անում են, բոլորիս ճնշում են, որ Սարիկը կարողանա հաջողություն ունենալ, կարծում եմ, որ սա նվեր էր մեզ՝ ընդդիմադիրներիս։ Նորմալ է, անկեղծ եմ ասում, լրիվ նորմալ է, սպասելի է, ու այս ամեն ինչն օգտագործվելու է իրենց դեմ։ Ես երեկ արդեն իմ թիմին ասել էի՝ պատրաստ եղեք այս ամենին»,-ասել է Գրիգորյանը։ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ստեղծված իրավիճակը համարել է հստակ քաղաքական հետապնդում և բացահայտ միջամտություն քաղաքական գործընթացներին՝ ընդգծելով, որ դրա կազմակերպման ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aravot.am-ը։ Նա հայտնել է, որ վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի ու քրեական ոստիկանության ներկայացուցիչները ներխուժել են իրենց շտաբի աշխատակից Արա Ոսկանյանի բնակարան, սակայն որևէ բան չեն հայտնաբերել։ Թևանյանն համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Գյումրիում սպասվող ընտրությունների հնարավոր արդյունքներով, ուստի՝ իշխանությունն իշխանազավթումից հետո այժմ ձգտում է պահպանել իր դիրքերը՝ դիմելով «ճղճիմ մեթոդների»։ Թևանյանը տեղեկացրել է, որ իրենց ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկին՝ Էմմա Գրիգորյանին, ով անչափահաս երեխաների մայր է, տարել են Երևան՝ հարցաքննության՝ առանց հստակ պատճառի։ Նա ընդգծել է, որ Գյումրիում առկա են եղել բոլոր հնարավորությունները հարցաքննությունը տեղում կազմակերպելու համար։ Թևանյանը հավելել է, որ իրենց ամփոփիչ հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 27–ին՝ ժամը 17։00-ին, Աբովյան ճեմափողոցում։ Ըստ նրա՝ այս բոլոր զարգացումները նպատակ ունեն վախի մթնոլորտ ձևավորելու ընդդիմադիր շարժման շուրջ՝ նախքան հանրային միջոցառումը։ ՏԻՄ ընտրությունները Գյումրիում կայանալու են մարտի 30–ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |