Քոչարյանը` իր դեմ ստորագրահավաքի մասին․ Մի քանի լրագրող փորձում է խոսքիս իմաստը նենգափոխել

Քոչարյանը` իր դեմ ստորագրահավաքի մասին․ Մի քանի լրագրող փորձում է խոսքիս իմաստը նենգափոխել

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, մեկնաբանելով լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին հաջորդած ստորագրահավաքը, նշել է, որ մի քանի լրագրողներ փորձում են իր խոսքի իմաստը նենգափոխել. «լարվածության նոր առիթ ստեղծելու ու իմ անունը շահարկելու նպատակով»: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը վիրավորվել էր խոսելուց առաջ իր շրթունքները մաքրելու իմ առաջարկից։ Բայց այդ առաջարկս բառացի կրկնում էր հայտնի հոգևորականի հորդորը նույն լրագրողին: Եվ հայտնի հոգևորականի այդ հորդորից նա կարծես չէր վիրավորվել, այլ ընդհակառակը` խոնարհ ժպիտով ընդունել էր»,– գրել է Քոչարյանը:

Քոչարյանը, անդրադառնալով քննադատություններին, նշել է, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ և նրանց սպասարկող լրագրողներ փորձում են իր խոսքը աղավաղել։

«Անշուշտ, ես շատ լավ հասկանում եմ, որ որոշ ընդդիմադիր գործիչներն ու նրանց շահերը սպասարկող մի քանի լրագրողներ փորձում են խոսքիս իմաստը նենգափոխել. լարվածության նոր առիթ ստեղծելու ու իմ անունը շահարկելու նպատակով: Սակայն համոզված եմ, որ տհաճ, ափսոսանքի արժանի միջադեպը չէր դառնա հանրային քննարկման առարկա, եթե լրագրող Հ.Ջեբեջյանն իր հերթին պահպաներ մասնագիտական էթիկայի տարրական կանոնները։

Շատ ուղիղ պետք ասեմ, որ իմ դեմ ստորագրահավաք կազմակերպած լրագրողական հանրույթի ոչ մեծ քանակի ներկայացուցիչներ ևս ունեն էթիկակական նորմերի պահպահման խնդիր։ Նրանք կարող են հետապնդել քեզ ցանկացած տարածքում, միտումնավոր խախտել քո անձնական տարածքը, սադրիչ, մարդկային արժանապատվությունը վիրավորող հարցեր տալ՛. ամբողջը չթվարկեմ.. Համաձայնվեք, որ ապատեղեկատվությամբ, չարությամբ գրված կամ արտասանած տեքստերը որևէ կապ չունեն լրագրություն հետ:

Իսկ ես միայն սենսացիա փնտրող լրագրողներից մեկին ընդամենը հիշեցրեցի ամիսներ առաջ իրեն ասած մի նախադասություն, որի իմաստը հետևյալն էր. լրագրողի խոսքը պետք է մաքուր լինի, կեղծիքից, ատելության խոսքից ու մանիպուլյացիաներից զերծ։ Մնացած եզրակացություններն ու հետեւությունները թողնում եմ ձեզ: Յուրաքանչյուր անձ իմ խոսքերում կարող է գտնել իր կրթվածությանը, բարոյականությանն ու դաստիարակությանը համապատասխանող իմաստը»,–ասվում է գրառման մեջ։

Իր գրառման ավարտին Քոչարյանը մեջբերումներ է կատարել Սուրբ Գրքից՝ փորձելով իր դիրքորոշումը ամրապնդել հոգևոր հիմքով։

Մարտի 20-ին, երբ լրագրողները հարցադրումներով մոտեցել են Քոչարյանին, նա Ջեբեջյանին հորդորել է մի կողմ կանգնել։ Երբ լրագրողը հետաքրքրվել է՝ ինչու, պատգամավորը պատասխանել է. «Դուք ինձ միշտ խանգարում եք»։ Ջեբեջյանն արձագանքել է՝ ասելով. «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ ՔՊ պատգամավորը հավելել է. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Միջադեպից հետո լրագրողը սկսել է ստորագրահավաք՝ կոչ անելով ԱԺ խմբակցություններին ձևավորել ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավորի վարքագծի էթիկայությունը գնահատելու համար։

 Ուշագրավ
---