Խանումյանը՝ Մինասյանին․ Հիմա նույն տրամաբանությամբ վատ տեղեր են Ջերմուկը, Իշխանասարը, Կապանը կամ Սոթքը

Խանումյանը՝ Մինասյանին․ Հիմա նույն տրամաբանությամբ վատ տեղեր են Ջերմուկը, Իշխանասարը, Կապանը կամ Սոթքը

PanARMENIAN.Net - Արցախի քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով իշխող կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի աղմկահարույց հայտարարությանը՝ ընդգծել է, որ այդ տեսակետը մեկ անձի կարծիք չէ, այլ առավել տարածված մոտեցում է իշխանական շրջանակում։

ՔՊ-ական Սարիկ Մինասյանն ասել է. «Արցախն էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին հայթայթում, որ իրենց երեխաներն այնտեղ չծառայեին»:

Խանումյանը հավելել է, որ հիմա նույն տրամաբանությամբ վատ տեղեր են Ջերմուկը, Իշխանասարը, Կապանը կամ Սոթքը։

«2022թ․ ձմռանը, բլոկադայի պայմաններում, երբ բազմաթիվ տեղահանված արցախցիներ գտնվում էին Հայաստանի Հանրապետությունում, ձմեռային զորակոչի ցուցանիշն Արցախում եղել է 63 տոկոս։ Հայաստանում այս ցուցանիշը ցածր է 50 տոկոսից։ Այս մասին նույնիսկ վարչապետն է կառավարության նիստերին արտահայտվում։ Պաշտպանության բանակը, նույնիսկ պարտված, թուլացած, տարբեր խնդիրներով հանդերձ, արցախցիների համար վստահելի կառույց էր՝ համեմատաբար, կարգապահ ու մարտունակ։

Բանակային ծառայությունը Հայաստանում լրջագույն սթրես է հասարակության համար։ Այս սթրեսը վերածվում է արտագաղթի ամենագլխավոր պատճառի։ Հայաստանի իշխանություններն անկարող են հասարակությանը պաշտպանության այնպիսի համակարգ առաջարկել, որի պատճառով երկիրն այսքան չէր տկարանա։

Եթե իշխող կուսակցության թեկնածուի խոսքերով՝ «Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս այնտեղ չծառայելու համար», ապա հիմա նույն տրամաբանությամբ՝ վատ տեղեր են Ջերմուկը, Իշխանասարը, Կապանը կամ Սոթքը։

Ցավոք, սա միայն մեկ հիմար թեկնածուի կարծիք չէ, այլ գերիշխող է իշխանության մոտ։

Իշխանությունը քաղաքական կամք ու կարողություն չունի բանակ կառուցելու։ Հայոց բանակի հիմքը լավ պատրաստված, բարձր վարձատրվող պայմանագրային զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումներն են լինելու, 18 տարեկան երեխաները պետք է ծառայեն մեկ տարի ուսումնական զորամասերում, առանց մարտական հերթապահության կամ մարտական գործողությունների մեջ ներգրավվելու։ Բնականաբար, գործող իշխանությունը նման բանակ կառուցելու ոչ հնարավորություն, ոչ տեսլական, ոչ էլ կամք ունի։ Մենք այլ ճանապարհ չունենք, քան նորմալ բանակ կառուցելը։ Հակառակ դեպքում «վատ» տեղանքների թիվն անընդհատ մեծանալու է»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
---