Գյումրիում ենթադրյալ ընտրակաշառքի գործով 5 անձի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, 3-ի՝ բացակայելու արգելքը

Գյումրիում ենթադրյալ ընտրակաշառքի գործով 5 անձի նկատմամբ կիրառվել է  վարչական հսկողություն, 3-ի՝ բացակայելու արգելքը

PanARMENIAN.Net - Գյումրու ավագանու ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ենթադրյալ ընտրակաշառքի, դրա ստացման և բարեգործության արգելքի խախտման դեպքերով հարուցված քրեական վարույթների շրջանակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նախօրեին ձերբակալել է 8 անձի, ովքեր ազատության մեջ գտնվելով ներկայացվել են դատարան՝ խափանման միջոց ընտրելու նպատակով։

Նույն օրը դրանցից 2-ի նկատմամբ կիրառվել է երկրից բացակայելու արգելք, իսկ մնացած 6-ի գործերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նրանց համար վարչական հսկողություն կիրառելու միջնորդություններով։

Ինչպես հաղորդել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, ներկայացված 6 միջնորդություններից 5-ը դատարանը լիովին ընդունել է՝ որպես խափանման միջոց սահմանելով վարչական հսկողություն։ Մեղադրյալները օրենքով սահմանված կարգով ազատ են արձակվել, և նրանց գործերը փոխանցվել են ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը, հայտնում է Արմենպրեսը։

Բացի դրանից, դատարանը քննիչի առաջարկությամբ մեղադրյալների նկատմամբ սահմանել է մի շարք սահմանափակումներ՝ այդ թվում՝ առանց վարույթ իրականացնող մարմնի թույլտվության բնակության վայրը չփոխելու, գիշերային ժամերին բնակության վայրը չլքելու, ինչպես նաև որոշ անձանց հետ չհաղորդակցվելու պայմաններ։

«Այլ կերպ՝ վարույթն իրականացնող մարմինը, առաջնորդվելով հանրային շահով, նպատակ ունենալով ապահովել քրեական վարույթով օբյեկտիվությունն ու անաչառությունը, ընտրել և միջնորդել է մեղադրյալների նկատմամբ ընտրել այնպիսի խափանման միջոցներ, որոնք, ի թիվս այլնի, առավելագույնս կապահովեն նաև վարույթի մասնակիցների ընտրական իրավունքի ազատ իրացումը: Վերոգրյալի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթի մասնակիցներին հորդորում է խստորեն պահպանել ընտրված խափանման միջոցների սահմանափակումները և պայմանները՝ դրսևորելով իրավահպատակ վարքագիծ»,- ասվում է հաղորդագրության մեջ:»

Մեղադրյալները համարվում են անմեղ, քանի դեռ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգով, օրինական ուժի մեջ մտած դատավճռով նրանց մեղավոր չհամարի։

 Ուշագրավ
---