ՀՀ և Շվեյցարիայի ԱԳՆ-ները Բեռնում քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

ՀՀ և Շվեյցարիայի ԱԳՆ-ները Բեռնում քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

PanARMENIAN.Net - Մարտի 28-ին Բեռնում կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, շվեյցարական կողմը՝ արտաքին գործերի դաշնային գերատեսչության Եվրասիական տարածաշրջանի վարչության ղեկավար Մուրիել Պենևերը։

Հանդիպման օրակարգում եղել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հայկական կողմը բարձր գնահատական է տվել խաղաղության հաստատման ջանքերին Շվեյցարիայի ցուցաբերվող հետևողական աջակցությանը։

Քննարկումների ընթացքում կողմերը դիտարկել են երկկողմ համագործակցության օրակարգում առկա բազմաթիվ հարցեր՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ։ Անդրադարձ է եղել նաև միջազգային կազմակերպություններում կողմերի արդյունավետ փոխգործակցությանը։

Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների հրատապ հարցեր, որոնց շուրջ կողմերը մտքեր են փոխանակել՝ արտահայտելով դիրքորոշումներ։

Շվեյցարիայի Կանտոնների խորհուրդն ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամ ունեցող պալատում 29 պատգամավոր կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ։ Նիստին ներկա արտաքին գործերի նախարար Իգնազիո Կասիսը և մի շարք պատգամավորներ փորձել են կանխել բանաձևի ընդունումը՝ պնդելով, որ այն հակասում է միջազգային իրավունքին, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն։ Կասիսը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն, ուստի նման նախաձեռնության կարիք չկա։

Սակայն բանաձևի կողմնակիցները հակադարձել են, նշելով, որ Շվեյցարիան ապացուցել է իր չեզոք միջնորդ լինելու արդյունավետությունը։ Նրանք ընդգծել են, որ երկխոսության ապահովումը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև կարող է նպաստել բռնի տեղահանվածների անվտանգ ու կազմակերպված վերադարձին։

 Ուշագրավ
---