Իմամօղլուն քննադատել է Արևմուտքին իր կալանավորմանը «ոչ բավարար արձագանքի» համար

Իմամօղլուն քննադատել է Արևմուտքին իր կալանավորմանը «ոչ բավարար արձագանքի» համար

PanARMENIAN.Net - Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը մարտի 19-ին ձերբակալվել է քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների հետ միասին և կալանավորվել, հոդված է հրապարակել ամերիկյան The New York Times պարբերականում՝ վերնագրելով այն «Ես Թուրքիայի նախագահի գլխավոր մրցակիցն եմ, ինձ կալանավորել են»։

Իմամօղլուն նշել է, որ իր կալանավորումը ուղղակիորեն պայմանավորված է քաղաքական նկատառումներով՝ բացատրելով, որ ինքն Էրդողանի գլխավոր ընդդիմախոսն է։

«Երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկացավ, որ չի կարող ինձ հաղթել ընտրություններում, դիմեց այլ մեթոդների։ Նա հաղթեց իր հիմնական քաղաքական մրցակցին՝ ինձ։ Ինձ հեռացրել են ընտրված պաշտոնից ֆինանսական մեղադրանքների պատճառով»,- գրել է Իմամօղլուն՝ ընդգծելով, որ ձերբակալվել է անհիմն մեղադրանքներով, հայտնում է Factor.am-ը։

Ըստ նրա՝ Էրդողանի վարչակազմը քանդում է ժողովրդավարական հիմնակառուցվածքները, սահմանափակում մամուլի ազատությունը, պաշտոնից հեռացնում է ընտրված ղեկավարներին, նսեմացնում օրենսդիր մարմնի դերը, վերահսկում դատական համակարգը և մանիպուլացնում ընտրական գործընթացները։

«Նա լռեցնում է լրատվամիջոցներին, ընտրված քաղաքապետերին փոխարինում է հոգաբարձուներով, չեզոքացնում է օրենսդիր մարմինը, վերահսկում է դատական ​​համակարգը և շահարկում է ընտրությունները: Վերջին ամիսներին ցուցարարների և լրագրողների զանգվածային ձերբակալությունները հստակ ուղերձ են հղել՝ ոչ ոք ապահով չէ։ Քվեները կարող են անվավեր ճանաչվել, ազատությունները մի ակնթարթում ձեզանից կարող են խլել։ Էրդողանի իշխանության տակ գտնվող հանրապետությունը վերածվել է վախի հանրապետության»,- նշել է նա։

Իմամօղլուն ընդգծել է, որ չնայած ճնշումներին, թուրք հասարակության լայն շերտեր համախմբվել են արդարության և ավելի լավ ապագայի գաղափարի շուրջ։ Նա ասել է, որ բողոքի ալիքները տարածվել են ամբողջ Թուրքիայով։

Միևնույն ժամանակ, Իմամօղլուն դժգոհել է, որ Արևմուտքի արձագանքը իր կալանավորմանը բավարար չի եղել՝ հատկապես այն պարագայում, երբ այս երկրներն առաջին հերթին պաշտպանում են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։

«Չնայած ճնշումներին՝ համերաշխության օրինակները շարունակվում են։ Սոցիալ-դեմոկրատ առաջնորդներն ու քաղաքապետերը Թուրքիայում և ամբողջ աշխարհում՝ Ամստերդամից մինչև Զագրեբ, իմ ձերբակալությունից հետո քաջությամբ և սկզբունքայնությամբ իրենց աջակցությունը ցուցաբերեցին: Քաղաքացիական հասարակությունը նույնպես հետ չի կանգնել, բայց կենտրոնական կառավարությունների լռությունը խլացուցիչ է։ Վաշինգտոնը միայն մտահոգություն է հայտնել «վերջին ձերբակալությունների և բողոքի ցույցերի վերաբերյալ»։ Եվրոպական առաջնորդները, մի քանի բացառություններով, խիստ չեն արձագանքել»,- գրել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Նա հավելել է, որ վերջին զարգացումները, ներառյալ՝ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում, Ասադի վարչակարգի տապալումը Սիրիայում և ավերածությունները Գազայում, մեծացրել են Թուրքիայի ռազմավարական նշանակությունը, և դա ավելի ակնհայտ է դառնում, հատկապես, երբ հաշվի են առնվում եվրոպական անվտանգությանը նպաստելու՝ Անկարայի կարողությունները։

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Ստամբուլի կալանավորված և ժամանակավորապես աշխատանքից հեռացված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։

Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին՝ հանցավոր խմբավորման ղեկավարության և կոռուպցիայի մեղադրանքով։ Նրա նկատմամբ բացված է նաև ահաբեկչության հետ կապված գործ, մասնավորապես՝ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեղադրանքով։ Իմամօղլուն հերքել է բոլոր մեղադրանքները։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---