Իոաննիսյան․ Եղել է հանցագործության մասին 3 հաղորդում, մեկը՝ Սարիկ Մինասյանին է վերաբերվում

Իոաննիսյան․ Եղել է հանցագործության մասին 3 հաղորդում, մեկը՝ Սարիկ Մինասյանին է վերաբերվում

PanARMENIAN.Net - «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, ներկայացնելով Գյումրիում և Փարաքարում կայացած ընտրությունների վերաբերյալ նախնական դիտարկումները, ասել է, որ «Դիտորդական առաքելություն իրականացնելիս այցելել են Փարաքարի բոլոր 16 և Գյումրիի 84-ից 82 տեղամաս։ Նա հայտնել է, որ իրենց կողմից ընդհանուր առմամբ արձանագրվել է 61 խախտում՝ 41 տեղամասից, որոնց թվում 16-ը ընթացակարգային բնույթ են ունեցել։

Իոաննիսյանը հայտարարել է, որ եղել են հանցագործության մասին հաղորդումներ, հայտնում է Aravot.am-ը։

«Մեկը վերաբերվում է հանրահայտ իրադարձությանը, խոսքը Վարդան Ղուկասյանի ենթադրյալ ձայնով ձայնագրության մասին է, մյուսը Մարտուն Գրիգորյանի անունից բարեգործության եւ նախընտրական քարոզչության մեկտեղման արգելքի խախտման՝ շեբենապատման հետ կապված, իսկ երրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասով է, որը երկու հոդվածով ենք ներկայացրել՝ եւ բարեգործության արգելքի խախտման, և պաշտոնական դիրքի չարաշահման։

Մարտի 12-ին Սարիկ Մինասյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ տվել է մի շարք խոստումներ, այդ թվում՝ ճանապարհների հետ կապված: Այդ խոստումների մեծ մասը նախընտրական էին, որոնց հետ խնդիր չունենք: Բայց միաժամանակ ինքն ասել է, որ որպես ժամանակավոր լուծում՝ խճապատում կիրականացնեն: Ընդ որում, դա վերաբերվել է ոչ թե ընտրություններին հաջորդող ժամանակաշրջանին, այլ նախորդող, ինչն արդեն նախընտրական խոսում չէ: Եվ եթե դա համայնքային բյուջեով նախատեսված չի եղել, ուրեմն իրապես պաշտոնական դիրքի չարաշահում է»–ասել է Իոննիսյանը։

Նրա խոսքով, բացի դրանից, գրանցվել է ընտրողների ուղղորդման 7 դեպք՝ 5-ը Գյումրիում, 2-ը՝ Փարաքարում, ինչպես նաև արձանագրվել է վիճաբանության 4 դեպք՝ հավասարաչափ բաշխված երկու համայնքներում։

Դանիել Իոաննիսյանը նաև նշել է, որ բաց քվեարկության կամ քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպք են արձանագրել՝ 3-ը Գյումրիում, 2-ը՝ Փարաքարում։ Գրանցվել է նաև դիտորդների իրավունքների խախտման 3 դեպք, ինչպես նաև 12 դեպք այն անձանց վերաբերյալ, ովքեր չեն ունեցել տեղամասում գտնվելու իրավասություն։

Ըստ նրա, Գյումրիում արձանագրվել են նաև քվեարկության նյութերի հափշտակման կամ վնասման 3 դեպք, ինչպես նաև իրավասու մարմինների անգործության վերաբերյալ ևս 3 արձանագրում։

Իոննիսյանը նշել է, որ ընտրակաշառքն ու բարեգործության արգելքի խախտումը ծանր հանցագործություններ են, ուստի իրավապահ մարմինները պետք է դրանց արձագանքեն արագ և արդյունավետ, հայտնում է 1lurer.am-ը։

Նա մտահոգիչ է համարել Հակակոռուպցիոն կոմիտեի պահվածքը՝ կապված մարտի 27-ին ձերբակալվածների հետ, քանի որ այդ դեպքերում ոչ մի խափանման միջոց չի կիրառվել կամ առաջարկվել դատարանին, որը կսահմանափակեր այդ անձանց հետագա մասնակցությունը նախընտրական քարոզարշավին։

«Թեև ունենք տեղեկություններ, որ Գյումրիում այս երկու հանցատեսակները տեղի են ունեցել՝ բարեգործության արգելքի խախտումն ու ընտրակաշառքը, բայց և այդպես մենք չունենք բավարար փաստեր, որպեսզի պնդենք, որ դրանք արել են հենց այն անձինք, որոնք ձերբակալված են»,- ասել է Իոաննիսյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 27-ին ձերբակալված 8 անձին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառքի տրամադրման, ընդունման, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքի խախտման հոդվածներով։ Ձերբակալվածների թվում եղել են ինչպես «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ, այնպես էլ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի անդամներ։

Մարտի 30-ին, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և մի քանի այլ անձ ձերբակալվել են հանցագործություն կատարելու անմիջական կասկածանքով։

 Ուշագրավ
---