ՔԿՀ-ներում մահացության դեպքերն աճել են

ՔԿՀ-ներում մահացության դեպքերն աճել են

PanARMENIAN.Net - 2025-ի առաջին երեք ամսում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է մահվան 8 դեպք, որոնցից կեսը՝ ինքնասպանություն։ Վերջին մահը տեղի է ունեցել մարտի 17-ին՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։ 2024–ին արձանագրվել է մահվան 12 դեպք, որոնք բոլորը որակվել են որպես կենսաբանական մահեր, որոնցից 10-ը մահացել են քաղաքացիական հիվանդանոցներում, հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։

«Մահեր, ինքնասպանություններ քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկման ժամանակ ՔԿ ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ղեկավար Ցողիկ Ալեքսանյանը նշել է, որ ինքնասպանության դեպքերը ենթակա են պատկան մարմինների խորքային քննության, հայտնում է Panorama.am-ը։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է հասկանալ այդ դեպքերի բազմաշերտ հանգամանքները։

«Ինքնասպանության դեպքերի վերաբերյալ որևէ պատճառ կամ ենթադրություն անելը ճիշտ չի լինի: Եվ վերջնական պատճառների մասին, որոնք օրենսդրությամբ հաստատված կարգով կհաստատվեն և կբացահայտվեն, միայն վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն կունենա մեկնաբանություններ անել»,-ասել է Ալեքսանյանը:

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Զառա Հովհաննիսյանը խոսել է փակ հաստատություններում մուտքի դժվարությունների, սոցիալական աշխատանքի պակասի ու աջակցության մեխանիզմների բացակայության մասին։

«Երբ մարդը հայտնվում է ճգնաժամային իրավիճակում, շատ կարևոր է ապահովել հստակ սոցիալական աշխատանք՝ նրան օգնելու համար», - ասել է նա։

Հովհաննիսյանը նաև մատնանշել է ՔԿՀ համակարգում առկա թերությունները՝ մասնավորապես հոգեբանների թվի անբավարարությունը և հոգեբանական աջակցության հարցում անհարմարավետության զգացումը։ Նրա խոսքով՝ հանցավոր ենթամշակույթը նպաստում է օգնություն չփնտրելուն, ինչը կարող է հանգեցնել ինքնավնասման ու ինքնասպանության դեպքերի։

Անդրադառնալով առողջապահական ծառայություններին՝ Հովհաննիսյանը նշել է, որ առկա են ոչ միայն բժշկական սպասարկման հետ կապված խնդիրներ, այլև բուժօգնությանը ժամանակին արձագանքելու դանդաղ մեխանիզմներ։

Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Նաիրա Բաբայանը տեղեկացրել է, որ մահվան դեպքերի մեծ մասը պայմանավորված է սրտանոթային հանկարծակի խնդիրներով։ Նա նաև ընդգծել է դեպքեր, երբ դատական նիստերի ձգձգումը դարձել է խրոնիկ հիվանդություններով անձանց մահվան պատճառ։

«Կան խրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք, որոնք համապատասխանում են Կառավարության 825 որոշմամբ սահմանված չափանիշներին, որտեղ նշված է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը, միջգերատեսչական հանձնաժողովները տվել են համապատասխան եզրակացություններ, սակայն դատական ​​նիստերի ձգձգման պատճառով անձը մահացել է»,-ասել է նա։

Զառա Հովհաննիսյանը կարծում է, որ աճող մահացությունը ՔԿՀ-ներում հրատապ բարեփոխումների անհրաժեշտության հստակ ցուցիչ է։ Նրա խոսքով՝ հարկավոր է արագ և նպատակային միջոցներ՝ համակարգում առողջապահական և սոցիալ-հոգեբանական ծառայությունների բարելավման ուղղությամբ։

«Ընդամենը երեք ամսում 8 մահվան դեպքով ստեղծված իրավիճակը աննախադեպ է և ահազանգ է քրեակատարողական հիմնարկներում մեր սոցիալ-հոգեբանական մոտեցումները վերանայելու համար»,- ասել է նա։

Հաշվի առնելով, որ ներկայում կալանավորների թիվը գերազանցում է դատապարտյալների թվին, Հովհաննիսյանը կոչ է արել կառավարությանը մշակել հստակ ռազմավարություն՝ այս բազմաշերտ մարտահրավերներին արդյունավետ հակազդելու նպատակով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---