Գալյան․ Սահմանադրության նոր տեքստը չի կարող լինել գաղտնի, ինչ-որ պահի հանրայնացվելու է

Գալյան․ Սահմանադրության նոր տեքստը չի կարող լինել գաղտնի, ինչ-որ պահի հանրայնացվելու է

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Սահմանադարության փոփոխություններին, նշել է, որ Սահմանադրության նոր տեքստը չի կարող լինել գաղտնի, ինչ-որ պահի հանրայնացվելու է։

«Մենք աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա: Այդ տեքստը չի լինելու և ի բնե չի կարող լինել գաղտնի, ինչ-որ պահի հանրայնացվելու է, և յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր նորմ քննարկվելու է մեր հասարակության ներկայացուցիչների հետ»,–ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի նախագահի կողմից ներկայացվող նախապայմանները կարող են բերել Սահմանադրական փոփոխությունների գործընթացի արագացմանը, Գալյանն ասել է, թե չի կարծում, որ դա հնարավոր է 8-10 ամսից ավելի շուտ։

«Չեմ կարծում, որ հնարավոր է նոր Սահմանադրության տեքստ ունենալ 8-10 ամսից ավելի շուտ»,–ասել է նա։

Նախարարն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը

«Խաղաղությունը այլընտրանք չունի, և մեր գործողությունները պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը»,–ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկնել է այն թեզը, թե ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ և որ այդ դրույթի հանումը սահմանադրությունից «Բաքվի լեգիտիմ պահանջն է»։

 Ուշագրավ
---