ՊՆ․ Լինում են անկանոն կրակոցներ, թիրախային կրակոցների մասին հաղորդվում է

ՊՆ․ Լինում են անկանոն կրակոցներ, թիրախային կրակոցների մասին հաղորդվում է

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Սյունիքից ստացվող կրակոցների վերաբերյալ ահազանգերին՝ նշելով, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, հայտնում է «Ազատությունը»։

«Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»,–ասել են ՊՆ–ից։

Չնայած խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ միջազգային հորդորներին ու ակնկալիքներին, կրակոցները սահմանային գոտում չեն դադարում։ Ապրիլի լույս 5-ի գիշերը Խնածախ գյուղում կրկին լսվել են ադրբեջանական կողմի կրակոցները։

Նախորդ ամսվա վերջում ադրբեջանական ուժերը ևս մեկ անգամ կրակ են բացել Խնածախի ուղղությամբ՝ պատճառելով վնաս բնակելի տանը։ Պաշտպանության նախարարությունն այդ դեպքից հետո լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում է գետնին ընկած պարկուճը և կրակոցից վնասված պատուհանը։

«Հավելեմ նաև, որ, երբ լինում են թիրախային կրակոցներ, ինչպես օրինակ մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակելի տան ուղղությամբ, պաշտպանության նախարարությունն այդ մասին պատշաճ հաղորդում է», - ասել են նախարարությունից՝ շեշտելով՝ «պաշտպանական գերատեսչությունն ունի տեղեկատվական հստակ քաղաքականություն, որի հիմքում տարատեսակ հանգամանքներ, վերլուծություններ են»։

Նույն ժամանակահատվածում, երբ կրակոցներն առաջնագծում շարունակվել են, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը անցկացրել է խորհրդակցություն՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակը և իր ձևակերպմամբ՝ «հակառակորդի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների կանոնավոր գնդակոծությունները»։ Հասանովը հանձնարարել է իր ենթականերին լինել պատրաստ «ցանկացած սադրանքի օպերատիվ արձագանքելու համար»։

Պաշտոնական Երևանը բազմիցս մերժել է Բաքվի այն պնդումները, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը՝ դրանք որակելով որպես իրականությանը չհամապատասխանող։

 Ուշագրավ
---