Մարտի 1-ի դրությամբ 11,300 արցախցի հեռացել է ՀՀ–ից

Մարտի 1-ի դրությամբ 11,300 արցախցի հեռացել է ՀՀ–ից

PanARMENIAN.Net - 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ, Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 15,642-ը: Այսինքն, 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 11,257 արցախցի: Տվյալները տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, հայտնում է ՍիվիլՆեթը։

Հեռացող արցախցիների ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև վերադարձող արցախցիների թիվը։ Վերջին ամիսներին դրական որոշակի միտում կա։

Ապրիլ ամսից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի համար նախատեսված 50,000 դրամ (40+10,000) աջակցությունը կդառնա 40,000 դրամ և կտրամադրվի միայն առանձին խմբերի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, 63+ տարեկաններ, կերակրողին կորցրած և նպաստ կամ կենսաթոշակ ստացողներ, մինչև 18 տարեկան երեխաներ: Իսկ 2025-ի հուլիս-դեկտեմբեր ամսիները ներառյալ՝ աջակցությունը կտրամադրվի առանձին խմբերի շահառուներին՝ արդեն 30,000 դրամի չափով։ Սպասվում է, որ այս փոփոխությունները կարող են հանգեցնել արցախցիների արտագաղթի տեմպերի ավելացմանը:

2023 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը ընդունել է որոշում, որով արցախցիներին տրամադրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ՝ նրանց իրավաբանականորեն ճանաչելով որպես փախստական։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը դեռ հունվարին «Ինֆոքոմին» տեղեկացրել էր, որ բռնի տեղահանվածների թիվը մոտ 150,000 է, սակայն հավելել էր, որ կոնկրետ թիվ նշելն այս պահին հնարավոր չէ։

 Ուշագրավ
---