Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը կալանավորվել է

Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության ղեկավար Արսեն Կարոյանը, ում դեմ առաջադրվել է պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք, կալանավորվել է։ Այդ մասին ասել է Կարոյանի պաշտպան Պետրոս Պետրոսյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները սկզբում ձերբակալել են Կարոյանին, երբ մուտք են գործել քաղաքապետարանի շենք։ Դրանից հետո դատախազությունը միջնորդել է նրան կալանավորելու պահանջով, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է այդ միջնորդությունը՝ փոխարենը որոշելով ազատ արձակել նրան գրավի դիմաց։

Չնայած նրան, որ Կարոյանը շարունակում է պաշտոնավարել և պաշտոնապես աշխատանքից չի ազատվել, նրա տեղաշարժը վերահսկվել է էլեկտրոնային թևնոցի միջոցով, ինչը նշանակում է, որ գտնվել է վարչական վերահսկողության տակ և աշխատանքի ներկայանալ չի կարողացել։

Դատախազության նոր միջնորդությունը՝ նրան կալանավորելու վերաբերյալ, դատարանը բավարարել է ապրիլի 7–ի երեկոյան։ Արդյունքում, Կարոյանը դատարանի դահլիճից տեղափոխվել է կալանավայր։

Պաշտպան Պետրոս Պետրոսյանը նշել է, որ Կարոյանը չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը։

Նախկինում Պետրոսյանը հայտնել էր, որ քննության ընթացքում արդեն 23 օր է՝ քննիչները չեն կարող հստակ ցույց տալ, թե Կարոյանի ո՞ր գործողությունն է դիտարկվում որպես պաշտոնեական դիրքի չարաշահում, և կոնկրետ ո՞ւմ է հասցվել 23 միլիոն դրամի վնաս։

 Ուշագրավ
---