BBC. Վարդանյանի և մյուս հայ գերիների հարցը խաղաղության համաձայնագրի մաս չի կազմում

BBC. Վարդանյանի և մյուս հայ գերիների հարցը խաղաղության համաձայնագրի մաս չի կազմում

PanARMENIAN.Net - BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել հայտնի գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին, որի շինծու գործերով դատավարությունն է ընթանում Բաքվում։

Նշվում է, որ նա մեղադրվում է 42 կետով, «ներառյալ ահաբեկչություն և պատերազմի օրենքների խախտում»։

Նշվում է, որ Վարդանյանի աջակիցները մտահոգված են, որ այս գործը կարող է մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրից դուրս։ Թեև համաձայնագրի նախագիծը դեռ հրապարակված չէ, պաշտոնյաները նշել են, որ այնտեղ ներառված չէ գերիների կամ Լեռնային Ղարաբաղից տեղահանված էթնիկ հայերի վերադարձի հարցը։

«Գերիների հարցի բացակայությունը քննադատության ալիք է բարձրացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հասցեին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վստահ է, որ այս խնդիրը պետք է լուծվի առանձին։

Նա նշել է. «Սա խաղաղության պայմանագիր է երկարատև ատելության պատմություն ունեցող հակամարտող երկրների միջև։ Անձամբ ես կարծում եմ, որ միայն այս խաղաղության պայմանագրի ստորագրումն ու ավարտը կարող է հիմք դնել քաղաքական գերիների հարցի լուծման համար։ Այլ ելք չեմ տեսնում»։

Վարդանյանը նախազգուշացրել է, որ նման մոտեցումը սխալ է։

«Սա միայն ինձ և ևս 15 հոգու դատավարությունը չէ, սա բոլոր հայերի դատավարությունն է։ Եթե դուք դա չեք հասկանում, սա մեծ ողբերգություն է, որովհետև սա պատմության ավարտը չէ, հակամարտության ավարտը չէ, սա ընդամենը հաջորդ փուլն է այդ հակամարտության համար՝ բոլոր կողմերի համար», – ասել է նա աջակիցներին ձայնային հաղորդագրությամբ։

Նշվում է, որ 2022 թվականի սեպտեմբերին Վարդանյանը տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղ, տարածաշրջան, որը պատմականորեն բնակեցված է եղել էթնիկ հայերով, բայց միջազգային մակարդակով ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս։ Նա հրաժարվեց իր ռուսական քաղաքացիությունից և դարձավ Լեռնային Ղարաբաղի փաստացի վարչապետը, որը հայերը կոչում են Արցախ։

Նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, BBC-ին ասել է. «Հայրս երեք ամսում ավելի շատ հարցազրույցներ տվեց միջազգային լրատվամիջոցներին, քան Լեռնային Ղարաբաղի բոլոր նախագահները 30 տարվա ընթացքում»։

«2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց՝ 24 ժամվա ընթացքում վերահսկողություն հաստատելով Լեռնային Ղարաբաղի վրա։ Ավելի քան 100,000 էթնիկ հայեր լքեցին տարածաշրջանը, և Վարդանյանը ձերբակալվեց ադրբեջանական իշխանությունների կողմից՝ փորձելով միանալ Հայաստան արտագաղթողներին։

Ձերբակալությունից ի վեր Վարդանյանը, ըստ հաղորդումների, մեծ մասը անցկացրել է մեկուսարանում և հացադուլ է հայտարարել՝ բողոքելով դատական գործընթացի և ենթադրյալ վատ վերաբերմունքի դեմ։ Amnesty International-ը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ապահովել նրա արդար դատաքննության իրավունքները և հետաքննել իրավունքների խախտման պնդումները։

Լեռնային Ղարաբաղի ևս տասնհինգ նախկին ղեկավարներ նույնպես կանգնած են Բաքվի ռազմական դատարանի առաջ՝ մեղադրվելով 1980-ականների վերջից ի վեր կատարված պատերազմական հանցագործությունների համար։ Թեև Ռուբեն Վարդանյանի դատավարությունը ընթանում է առանձին, Հայաստանիում շատերը բոլոր գործերն էլ ընկալում են որպես քաղաքական ներկայացումներ։

Դատավարություններին հասանելիությունը խիստ վերահսկվում է․ դրանց նկարահանելու իրավունք ունի միայն Ադրբեջանի պետական հեռուստաալիքը։ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ դատական գործընթացը համապատասխանում է միջազգային չափանիշներին, սակայն թափանցիկության վերաբերյալ մտահոգություններն ավելացել են այն բանից հետո, երբ անցած ամիս Բաքվի կառավարությունը փակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղական գրասենյակները՝ միակ միջազգային կազմակերպությունը, որն ուներ հայ գերիների հասանելիություն»,–ասվում է հոդվածում։

Նշվում է նաև, որ Եվրոպական խորհրդարանը արձագանքել է՝ ընդունելով բանաձև, որով դատապարտում է «հայ գերիների ապօրինի պահումը և կեղծ դատավարությունները»՝ կոչ անելով նրանց անհապաղ ազատ արձակել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---