ԱՄՆ–ից Կոստա Ռիկա արտաքսվածների թվում կան նաև հայ կանայք և երեխաներ![]() 8 ապրիլի 2025 - 17:51 AMT PanARMENIAN.Net - 2025–ի փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած ծրագրի արդյունքում 200 ներգաղթյալ արտաքսվել է Կոստա Ռիկա, որոնց թվում կան նաև հայ կանայք և երեխաներ։ Նրանցից միայն 16-ը՝ Չինաստանի քաղաքացիներ, ապաստան ստանալու հայտ են ներկայացրել։ Մինչև այժմ 84 հոգի վերադարձել է իրենց երկրներ, իսկ 94-ը դեռ մնում են Կոստա Ռիկայում, հայտնում է Factor.am-ը։ Երկու հայ կին՝ Գոհար Թոփլաքալցյանը և Կարինե Ավետյանը, իրենց պատմություններով կիսվել են Telemundo-ի հետ։ 42-ամյա Գոհար Թոփլաքալցյանը նշել է, որ իր ամուսինն ու 13-ամյա որդին արդեն մեկ տարուց ավելի է՝ գտնվում են Կալիֆորնիայում ու սպասում են ապաստան ստանալու դիմումի պատասխանին։ Նա ԱՄՆ է մեկնել այս տարվա սկզբին՝ երկու փոքր երեխաների հետ, սակայն, ըստ նրա, հնարավորություն չի տրվել ներկայացնելու իր գործը։ «Մեզ խաբեցին սահմանին: Ասացին, որ մեզ կուղարկեն Արիզոնա՝ մեկ այլ սահմանային անցակետ, բայց մեզ ու մեր երեխաներին նստեցրին ռազմական ինքնաթիռ գիշերը ժամը 3-ին, զինվորները՝ զենքերը ձեռքին: Երեխաները վախեցան: Իսկ Արիզոնայից մեզ ուղարկեցին Կոստա Ռիկա»,- պատմել է կինը։ Կարինե Ավետյանն էլ հայտնել է, որ հունվարի 22-ին, Թրամփի երդմնակալությունից երկու օր անց, Մեքսիկայից անցել է ԱՄՆ սահմանը՝ իր 8 և 12 տարեկան երեխաների հետ։ Նա ցանկացել է վերամիավորվել ամուսնու հետ։ Մոտ մեկամսյա կալանքից հետո՝ փետրվարի 20-ին, նրանք արտաքսվել են Կոստա Ռիկա։ «Մեր կամքին հակառակ՝ մեզ նստեցրին ինքնաթիռ և ապօրինի բերեցին Կոստա Ռիկա, երեխաներս հիվանդանում են շոգից ու մոծակների խայթոցից։ Մենք նրանցից քաղաքական ապաստան չենք խնդրել, ես դա խնդրել եմ Միացյալ Նահանգներից։ Իմ երկու երեխաներն իրենց հոր բացակայության պատճառով հոգեպես շատ վատ վիճակում են, խնդրում եմ, օգնե՛ք մեզ»,- պատմել է կինը՝ նշելով, որ պատրաստ է սպասել այնքան ժամանակ, որքան կպահանջվի ԱՄՆ տեղափոխվելու համար։ Կոստա Ռիկայի կառավարությունը հայտնել է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը նյութական աջակցություն է տրամադրում Միգրացիայի միջազգային կազմակերպությանը՝ արտաքսվածներին մարդասիրական օգնություն և խնամք ապահովելու նպատակով։ Միաժամանակ, Կորեդորես քաղաքում, Պանամայի սահմանին գտնվող CATEM ապաստարանի պայմանները քննադատության են արժանացել մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում՝ Human Rights Watch-ի, և որոշ օրենսդիրների կողմից։ Կոստա Ռիկայի ներքին գործերի և ոստիկանության փոխնախարար Օմեր Բադիլլան հայտնել է, որ այս պահին վեց մարդ ապօրինաբար լքել է ճամբարը՝ առանց թույլտվության և փաստաթղթերի։ Նրա խոսքով՝ արտաքսվածներին առաջարկվում է չորս հնարավոր տարբերակ՝ վերադառնալ հայրենիք, ապաստան հայցել Կոստա Ռիկայում, փաստաթղթավորել գործը այլ երկրում ապաստան ստանալու համար կամ մնալ կենտրոնում՝ որոշման ընդունման սպասումով։ Պաշտոնյան ընդգծել է, որ մինչ միգրանտները չընտրեն որևէ տարբերակ, Կոստա Ռիկայի իշխանությունները չեն վերադարձնի նրանց անձնագրերն ու նույնականացման փաստաթղթերը։ Իսպանալեզու աղբյուրների փոխանցմամբ՝ Կոստա Ռիկան ընդունել է ԱՄՆ-ից արտաքսված միգրանտներին տեղափոխող երկու օդանավ։ Ըստ հաղորդագրությունների՝ նրանց մեջ եղել են քաղաքացիներ Նեպալից, Չինաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Կոնգոյից, Աֆղանստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Գանայից, Իրանից, Հորդանանից, Ղազախստանից, Թուրքիայից, Ուզբեկստանից և Վիետնամից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |