ՔՀԿ-ներ․ Արցախի հարցը չի կարող «դուրս գալ օրակարգից»![]() 8 ապրիլի 2025 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով ԱԳՆ-ի այն դիրքորոշումը, ըստ որի Արցախի հարցը դուրս է եկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Արցախի հարցը չի կարող դուրս մնալ օրակարգից, քանի որ ավելի քան 150,000 արցախահայերի բռնի տեղահանումն իրենց պատմական հողերից էթնիկ զտման հստակ դրսևորում է, որը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող և չպետք է ճանաչվի որպես իրավաչափ կամ լեգիտիմ։ Բացի այդ, դատապարտվել է դիվանագիտական ձախողումը որպես իրավական փաստ ներկայացնելու մոտեցումը՝ նշելով, որ դա նշանակում է հրաժարում արցախահայության իրավունքներից և Ադրբեջանի իրականացրած բռնությունների լեգիտիմացում։ Հայտարարության մեջ շեշտվել է նաև, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ բռնի տեղահանված ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն ու վերադարձի հարցը պետք է պահպանվի միջազգային օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ արդարացի լուծում չի գտնվել։ Միակողմանի հրամանագրով հակամարտության ավարտը չի կարող իրավաչափ հիմք հանդիսանալ։ Արտահայտվել է այն մտահոգությունը, որ Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու արցախահայության շահերն ու ապահովելու նրանց պաշտպանվածությունը միջազգային հարթակներում, ինչի հետևանքով նրանք հարկադրված լքել են իրենց պատմական տարածքները։ Որպես իրավական հիմք՝ հիշատակված «Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագիրը» նշվել է որպես ոչ օրինական և միջազգային իրավունքին հակասող՝ հատկապես այն հանգամանքով, որ այն պաշտոնապես չի հրապարակվել և տեղ չի գտել նորմատիվ իրավական ակտերի միասնական կայքում՝ arlis.am-ում։ ՔՀԿ-ների ցանցը պահանջել է, որ ՀՀ ԱԳՆ-ն անհապաղ վերանայի իր մոտեցումը՝ հիմնվելով ինչպես Սահմանադրության դրույթների, այնպես էլ միջազգային իրավունքի հիմքերի վրա, ու հստակ հաստատի, որ Արցախի հայության իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունն ու վերադարձի իրավունքը մնում են արտաքին քաղաքական օրակարգի առանցքային բաղադրիչներից։ Նրանք նաև կոչ են արել, որ այդ հարցերը ներառվեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում որպես անբաժան մաս։ Հայտարարության վերջում ՔՀԿ-ները միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին և մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցներին հորդորել են չճանաչել էթնիկ զտման հետևանքները և պահանջել Ադրբեջանից հարգել միջազգային իրավունքը, ինչպես նաև ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը՝ միջազգային երաշխիքների, մշտադիտարկման ու պաշտպանության մեխանիզմների ներքո։ «Արցախահայության կյանքն ու ապագան չեն կարող դառնալ միջպետական բանակցությունների զիջվող կետեր։ Մենք պահանջում ենք արդարություն, պատասխանատվություն և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանություն՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների»,–ասվում է հայտարարության մեջ։ ՀՀ ԱԳՆ հայտարարել է. «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |