ՆԳՆ․ ՀՀ–ն և Ադրբեջանը 2024–ին վերահաստատել են հետախուզությունների փոխադարձ դադարեցման հանձնառությունը

ՆԳՆ․ ՀՀ–ն և Ադրբեջանը 2024–ին վերահաստատել են հետախուզությունների փոխադարձ դադարեցման հանձնառությունը

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը 2024թ. վերահաստատել են փոխադարձության սկզբունքով միջպետական հետախուզումների դադարեցման 2007թ.-ի հանձնառությունը։ Այդ մասին հայտնել են ՆԳ նախարարության Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից, տեղեկացնում է Արմենպրեսը։

Վերջին շրջանում սոցկայքերում, ինչպես նաև լրատվական կայքերում քննարկվում է, որ Հայաստանը հետ է կանչել Ադրբեջանի քաղաքացիների հետախուզումները։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս 2007 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կողմերը համաձայնել են փոխադարձության սկզբունքով դադարեցնել երկու երկրների քաղաքացիների նկատմամբ հայտարարված՝ ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումները։

Հիմք ընդունելով նշված պայմանավորվածությունը և այն, որ կողմերը 2007 թվականից չեն խախտել ձեռք բերված համաձայնությունը՝ 2024 թվականին կողմերը վերահաստատել են փոխադարձության սկզբունքով ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումների դադարեցման/չհայտարարման հանձնառությունը», - հայտնել են գերատեսչությունից։

Ավելի վաղ Հայաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի ֆիթնես մարզիչ և բլոգեր Քամիլ Զեյնալին, որը հայտնի է իր հակահայկական հռետորաբանությամբ և գործողություններով, հայտարարել է, որ իր նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվել է։

2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում նա հայի էր գլխատել, լուսանկարել և տարածել իր սոցցանցերում։ Բլոգերը նաև պնդել էր, թե հայերի դեմ իրականացրած հանցագործությունների համար նույնիսկ պարգևատրվել է պաշտոնական Բաքվի կողմից, սակայն հետո հայտարարել, թե դա, իբր, «կատակ է եղել»։

 Ուշագրավ
---