Ալավերդյան. Արցախցիներին պետք է ապահովել սոցիալական բնակարաններով

Ալավերդյան. Արցախցիներին պետք է ապահովել սոցիալական բնակարաններով

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է, որ արցախցիներին պետք է տրամադրել սոցիալական բնակարաններ։

«Բնակարանային ապահովման խնդիրը, որը համարվում է միջնաժամկետ ծրագիր ցանկացած երկրում, լուծվում է միայն ու միայն մեկ ձևով, որը վաղուց իր արդյունավետությունն ապացուցել է»,- ասել է Ալավերդյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նրա դիտարկմամբ՝ Արցախցի բնակիչներին սոցիալական բնակարաններով ապահովելը կլուծի մի քանի խնդիր՝ և՛ ազգապահպանության, և՛ մշակույթի պաշտպանության։

«Այդտեղ կարող են ստեղծվել աշխատանքի տեղեր, ինչպես իրենք աշխատում էին Արցախում, այդպես էլ կլուծվեր, ո՞րտեղից պիտի գումարները լինի Հայաստանի Հանրապետության։ Միջնաժամկետ ծրագրով դեռ 2023-24-25թթ-ների համար նախատեսված էին գումարներ, հենց այդ գումարներն էլ պետք է մղվին այդ նույն նպատակներին։ Դա մերժվել է։

Սոցիալական բնակարանային շինարարությունը մենք առաջարկել ենք դեռ իննսունականի վերջում, որովհետև այն ժամանակ ավելի քան 340,000 փախստական է ընդունել Հայաստանը և կարողացել է ինչ-որ ձևով լուծել։ Այն ժամանակ, պատկերացրեք, էդպես մի պահ կար, որ այդ սոցիալական շինարարությունը իրականացրեցին, բայց ավելին, իրենք սեփականության իրավունքով տվեցին փախստականներին, որոնք արդեն ավելի քան 10-15 տարի ապրում էին, այսպես ասած՝ առանց իրավունքների և շատ վատ պայմաններում»,- ասել է Ալավերդյանը։

Նրա պնդմամբ՝ ՀՀ–ն այդքան հարուստ պետություն չէ, որ հույսը դրել է միայն նրա վրա, որ ամեն մեկը պիտի լինի սեփականատեր։

«Դա վերաբերում է և Հայաստանի Հանրապետության անօթևան մեր հայրենակիցներին, ինչո՞ւ, որովհետև պետությունը ամենաաղքատն է տվյալ դեպքում։ Մենք առաջարկել ենք՝ դա լինի պետական մակարդակով, լինի տեղական ինքնակառավարման մակարդակով, համայնքները ձեռք են բերում, իրենց սեփականությունն են դարձնում բնակարաններ, և տրամադրում են օգտագործման իրավունքով արցախցիներին։ Դա քաղաքական հարց է լուծում, արցախցին գիտի, որ ոչ թե նա եկել է այստեղ մնալու մշտական ապրելու սեփական տանը, այլ նա ունի իր տանիքը, նորմալ վիճակում նա ապրում է և կարողանում է նորմալ պայքարել իր վերադարձի համար։ Այսինքն՝ գլխավոր նպատակը՝ վերադարձը, մնում է։ Իր բնակարանում արցախցին ապրում է այնպես, ինչպես մենք ապրել ենք սովետական ժամանակ»,- ասել է Ալավերդյանը։

Արցախցիների համար նախատեսված «40+10 հազար դրամի» ծրագրի չեղարկումը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 1–ից, մեծ դժգոհություն է առաջացրել ԼՂ–ից բռնի տեղահանվածների շրջանում։ Շատերը կարծում են, որ դա կնպաստի արցախցիների արտագաղթին։

 Ուշագրավ
---