Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր

Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր

PanARMENIAN.Net - Արցախից բռնի տեղահանված կարիքավոր (ցածր եկամուտներ ունեցող) ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր։ Կառավարությունը որոշում է ընդունել։

Նախագծով կարիքավոր են համարվել այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը չի գերազանցել 55,000 դրամը, հայտնում է Sputnik Արմենիան։

Սակայն որոշ խմբեր օգնությունից դուրս կմնան՝ սոցիալական աջակցություն չեն ստանա․

  1. Ժամանակավորապես բնակվում են սոցիալական պաշտպանության հաստատություններում։
  2. Տեղավորված են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում։
  3. Պետական աջակցությամբ բնակվում են հյուրանոցներում կամ հյուրատներում։
  4. Ունեն ընտանիքի որևէ անդամ, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի միակ սեփականատերը, կամ ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ մի քանիսը համատեղ կամ բաժնային իրավունքի ձևով (եթե միասին տիրապետում են գույքի 50 տոկոս և ավելի մասնաբաժնին) ունեն նման գույք։
  5. Ունեն ընտանիքի անդամ, որը 2017 թվականից հետո արտադրված ավտոմեքենա ունի, կամ որի ավտոմեքենայի գույքահարկը տարեկան գերազանցում է 15,000 դրամը։

Ըստ նախագծի՝ տրամադրվելիք ամսական աջակցությունը կազմելու է 40,000 դրամ ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար, իսկ երկրորդ և հաջորդ բռնի տեղահանված անդամների համար՝ 10, 000 դրամ յուրաքանչյուրը։

Հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունները՝ օգնության դիմումը մերժվելու է այն անձի դեպքում, ով փաստացի Հայաստանում չի գտնվում։

Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը 2025-ի ապրիլի 1-ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիները այլևս չեն ստանում 40 000+10 000 դրամի չափով բնակվարձի աջակցություն։ Մարտի 29-ին Ազատության հրապարակում կայացած լայնածավալ հանրահավաքի ժամանակ, որի հիմնական պահանջներից մեկն այդ որոշման չեղարկումն էր, Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության խորհուրդը ներկայացրել է պահանջագիր՝ ուղղված ինչպես ՀՀ իշխանություններին, այնպես էլ միջազգային հանրությանը։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115,365 մարդ, որոնցից մոտ 4400-ը արդեն ստացել են ՀՀ քաղաքացիություն։

 Ուշագրավ
---