ԿԸՀ նախագահ․ Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններում հանրությունը թերություններ չի արձանագրել

ԿԸՀ նախագահ․ Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններում հանրությունը թերություններ չի արձանագրել

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 10-ի արտահերթ նիստում հաստատել է 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։ Նշված օրն պատահական չի ընտրվել. 1995 թվականի մարտի 31-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված և ապրիլի 5-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա է սահմանվել անկախ Հայաստանի առաջին ԿԸՀ կազմավորման կարգը։

Նիստի մեկնարկին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն իր ելույթում առանձնացրել է ընտրական համակարգի ձևավորման, կայունացման և զարգացման ուղին, ինչպես նաև անդրադարձել է այն բարեփոխումներին, որոնք ուղղված են ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։

Նախագահը նիստում անդրադարձել է նաև մարտի 30-ին կայացած ՏԻՄ արտահերթ ընտրություններին՝ մասնավորապես Գյումրիում և Փարաքարում։ Նա ընդգծել է, որ այդ համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել դատարանում։

«Այո՛, ընտրությունների ընթացքում բազմաթիվ թերություններ մենք նկատել ենք, և հետևություններ կարվեն, որոշ դեպքերում այդ թերությունները կունենան նաև իրավական հետևանքներ, բայց փաստը այն է, որ բացի մասնագիտական շրջանակներից, որոնք արձանագրել են դրանք, հանրությունը թերություններ չի արձանագրել։ Իսկ դա խոսում է կատարված՝ հիմնականում լավ և բարձր պատասխանատվությամբ աշխատանքի մասին»,-ասել է ԿԸՀ նախագահը։

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոն նույնպես շնորհավորել է ԿԸՀ-ին՝ ռազմավարական պլանի ընդունման առթիվ՝ շեշտելով, որ այս քայլով հաստատվում է ոչ միայն հանձնաժողովի ռազմավարական տեսլականը, այլև՝ հետագա զարգացման ուղղությունները։

Մարտի 30–ին կայացած ՏԻՄ արտահերթ ընտրություններում Գյումրիում ոչ մի ուժի չի ստացել մեծամասնության քվեն։ Եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։

Փարաքարում ընտրություններին մասնակցել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» դաշինք (Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (Դավիթ Մինասյան) և «Կայունություն» կուսակցություն (Գոռ Սարիբեկյան)։ Առաջատարը «Միասնություն» դածինքն է, որի մաս կազմող «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնել է իր թեկնածուի՝ Վալոդյա Գրիգորյանի հաղթանակի մասին։

 Ուշագրավ
---