Հաագայում չեն կարող դատել Պուտինին, քանի դեռ նա նախագահ է

Հաագայում չեն կարող դատել Պուտինին, քանի դեռ նա նախագահ է

PanARMENIAN.Net - Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու նպատակով Արևմուտքի նախաձեռնած միջազգային հատուկ տրիբունալը չի կարող սկսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ դատավարությունը, քանի դեռ նա շարունակում է զբաղեցնել Ռուսաստանի նախագահի պաշտոնը։ Այդ մասին հայտնել է Euronews-ը՝ հղում անելով երկու եվրոպացի պաշտոնյաների։

Տրիբունալը նախատեսվում է հիմնել Հաագայում, սակայն նախաձեռնության հեղինակները շեշտել են, որ Պուտինի՝ որպես պետության ղեկավարի անձեռնմխելիությունը թույլ չի տալիս դատական հետապնդում առանց նրա անձնական ներկայության։ Նույն անձեռնմխելիությունը տարածվում է նաև վարչապետ Միխայիլ Միշուստինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վրա, Deutsche Welle-ն։

Բացի այդ, Ռուսաստանը չի ընդունել իր ներխուժումն Ուկրաինա որպես հանցագործություն, հրաժարվել է համագործակցել արևմտյան դատական կառույցների հետ, ինչն անհնարին է դարձնում բարձրաստիճան պաշտոնյաների արտահանձնումը։

Euronews-ի աղբյուրների համաձայն, այս բոլոր կետերը ներառված են միջազգային համաձայնագրի նախագծում, որն իրավական հիմք է հանդիսանալու տրիբունալի համար՝ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո։ Փաստաթղթի տեխնիկական մշակումն ավարտվել է մարտի վերջին՝ Ստրասբուրգում կայացած «Հիմնական խմբի» հանդիպման ժամանակ։ Մշակվել է երեք փաստաթուղթ՝ երկկողմ համաձայնագիր Ուկրաինայի և Եվրոպայի խորհրդի միջև, տրիբունալի կանոնադրություն և կառավարման կարգի համաձայնագիր։ Փաստաթղթերի ստորագրումը նախատեսվում է մայիսի 9-ին Կիևում, սակայն հնարավոր է ժամկետների փոփոխություն։

Բացակայությամբ դատավարությունների արգելքը դարձել է բանակցող երկրների միջև փոխհամաձայնության արդյունք։ Ինչպես նշել է եվրոպացի դիվանագետներից մեկը, այս կետը վերջնական է և ներառվելու է համաձայնագրի վերջնական տարբերակում։

Ագրեսիայի հանցագործությունը բնույթով տարբերվում է մյուս միջազգային հանցագործություններից, ինչպիսիք են պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը։ Եթե վերջիններն ուղղված են անմիջական կատարողների՝ զինվորների, սպաների, վարձկանների դեմ, ապա ագրեսիան վերագրվում է ռազմական-քաղաքական ղեկավարությանը։ Այն կարող է արտահայտվել ներխուժման, օկուպացիայի, բռնակցման, շրջափակման կամ մեկ այլ պետության դեմ զինված հարձակման տեսքով։

Թեև Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանը ագրեսիայի հանցագործության գործերով իրավասություն ունի Կամպալայի փոփոխությունների հիման վրա, դա վերաբերում է միայն այն պետություններին, որոնք վավերացրել են Հռոմի կանոնադրությունը։ Քանի որ Ռուսաստանը, ինչպես և ԱՄՆ-ն, դրան անդամ չէ, Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները ցանկանում են ստեղծել առանձին և անկախ տրիբունալ՝ ՌԴ-ի կողմից ագրեսիայի հանցագործության համար։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---