Արցախցիները բողոքի ցույցեր կանցկացնեն ԱԳՆ-ի և դատախազության առջև

Արցախցիները բողոքի ցույցեր կանցկացնեն ԱԳՆ-ի և դատախազության առջև

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին ժամը 11:00-ին, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կազմակերպելու է բողոքի ակցիաներ ՀՀ արտաքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության շենքերի դիմաց։ Այս միջոցառումների նպատակն է ներկայացնել մի շարք հիմնարար հարցեր, որոնց լուծումը, խորհրդի համոզմամբ, չի կարող այլևս հետաձգվել։

«Մասնավորապես, արտգործնախարարության առջև ներկայացնելու ենք մեր պահանջները և կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ։

Դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու ենք բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ապրիլի 12-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքի հետ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որևէ առնչություն չունի։

Արցախցիների համար նախատեսված «40+10 հազար դրամի» ծրագրի չեղարկումը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 1–ից, մեծ դժգոհություն է առաջացրել ԼՂ–ից բռնի տեղահանվածների շրջանում։ Շատերը կարծում են, որ դա կնպաստի արցախցիների արտագաղթին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---