Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցադրությունն ունեցել է ավելի քան 55,000 այցելու![]() 11 ապրիլի 2025 - 15:49 AMT PanARMENIAN.Net - «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակում ավելի քան վեց ամիս Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվել են Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը՝ բերված Բրիտանական թանգարանից, ունեցել է 55, 837 այցելու։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշել է, որ ցուցադրության ընթացքին զուգահեռ իրականացվել են կրթական ծրագրեր, տեղի են ունեցել միջազգային մասնագետների մասնակցությամբ բանախոսություններ, արձանագրվել է 160-ից ավելի մեդիա արձագանք։ Բացի այդ, ստեղծվել է ցուցահանդեսին նվիրված նոր հուշանվերների շարք, լույս է տեսել անգլերեն պատկերագիրքը, իսկ հայերեն տարբերակը դեռ պատրաստման փուլում է, հայտնում է Արմենպրեսը։ Նրա խոսքով, ցուցադրությունից գոյացած եկամուտներով թանգարանը ոչ միայն ծածկել է բոլոր ծախսերը, այլև ձեռք է բերել նոր սերվերային համակարգ, որով սկսվելու են թվայնացման աշխատանքներ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ ցուցադրությունը շոշափելի ազդեցություն է թողել թանգարաններ այցելողների թվի վրա։ «2024 թվականի առաջին եռամսյակում թանգարաններն ունեցել են 161 հազար այցելու, իսկ այս եռամսյակում՝ 177 հազար այցելու, այնինչ երկրում զբոսաշրջության մի փոքր անկում կա», – նշել է նա։ Քոչարյանի խոսքով, ցուցադրությունը նպաստել է միջազգային հարաբերությունների սերտացմանը։ «Մենք նշում ենք, որ նման լուրջ համագործակցություն ենք ունեցել Բրիտանական թանգարանի հետ։ Դա մեր առաջ դռներ է բացում։ Այդ համագործակցության փաստը հաշվի առնելով՝ այլ հեղինակավոր թանգարաններն առավել պատրաստակամ են դառնում», – ավելացրել է նա։ Ցուցադրությունը կազմակերպելիս կիրառվել են անվտանգության և լոգիստիկայի նոր չափորոշիչներ, որոնք էլ նպաստել են Հայաստանի ավելի հստակ և վստահելի դիրքավորմանը միջազգային համագործակցության դաշտում։ Քոչարյանն հայտնել է նաև, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք նոր ցուցահանդեսների շուրջ՝ համագործակցելով ոչ միայն Հայաստանի պատմության թանգարանի, այլև Չարենցի անվան գրականության և արվեստի, Երվանդ Քոչարի, Ռուսական թանգարանների ու Հայաստանի ազգային պատկերասրահի հետ։ Մոտ ապագայում նախատեսվում է Ֆրանսիայում ներկայացնել հայ իմպրեսիոնիստների ստեղծագործությունները, իսկ Բեռլինի թանգարանի հետ ևս հաստատվել են համագործակցության հիմքեր։ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը նշել է, որ այս ցուցադրությունն անմիջական կապ է ստեղծել Հայաստանի ժողովրդի և իր մշակութային ժառանգության միջև։ «Բրիտանական թանգարանը հայտնի է իր հարուստ հավաքածուներով և այդ հարստությունը ներկայացնում է ամբողջ աշխարհին. ամեն տարի ավելի քան 5 հազար նմուշ ժամանակավոր ցուցադրության է ուղարկվում տարբեր երկրներ, և թանգարանը դառնում է մշակութային փոխանակումների, երկխոսության և փոխըմբռնման օղակ», – ընդգծել է նա։ «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն էլ նշել է, որ ցուցադրությանը պատրաստվել են երկար ժամանակ՝ հաշվի առնելով դրա նշանակությունը իրենց համար։ Նա շեշտել է, որ նախաձեռնությունy դարձել է հիմնադրամի առաջին խոշոր նախագիծը՝ ուղղված միջավայրի փոփոխությանը և Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։ Ըստ Արարքցյանի՝ ցուցադրությունը պատվով կատարել է իր առաքելությունը։ Հայկական դիցարանի պտղաբերության և սիրո աստվածուհի Անահիտի հնագույն բրոնզե արձանի բնօրինակ հատվածները, որոնք ավելի քան մեկ դար ցուցադրվում են Բրիտանական թանգարանում, Հայաստանի պատմության թանգարան բերվեցին նախորդ տարվա սեպտեմբերին։ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության պաշտոնական մեկնարկն ազդարարվեց Հայաստանի անկախության հռչակման 33-րդ տարեդարձի օրը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |