Փարամազյանը տուգանվել է. Համայնքը գնում է կատարել նրա կնոջ մնասնակցությամբ ընկերությունից

Փարամազյանը տուգանվել է. Համայնքը գնում է կատարել նրա կնոջ մնասնակցությամբ ընկերությունից

PanARMENIAN.Net - Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը տուգանվել է Կոռուպցիայի կանխարգեկման հանձնաժողովի կողմից։ Տուգանքի չափը կազմում է 300,000 դրամ։

Ըստ ԿԿՀ որոշման՝ վարչական վարույթն իր նկատմամբ նախաձեռնվել է «Ինֆոքոմ» լրատվականի «Քաջարան համայնքը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերությունից ավելի քան 700 մլն դրամի գնում է կատարել» վերնագրով հրապարակման հիմքով։

Նշվել է, որ նախորդ վարույթում Հանձնաժողովն արդեն կիրառել է 200,000 դրամի տույժ՝ արձանագրելով, որ Լիլիթ Դավթյանը հանդիսանում է «Աժդանակ» ՍՊԸ-ի փաստացի շահառուն, ինչը նշանակում է՝ նա անուղղակի ներգրավվածություն ունի այդ ընկերությունում։ Այս հանգամանքը, oրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Մանվել Փարամազյանը պարտավոր է եղել նշել իր հայտարարագրում՝ «Մասնակցությունն առևտրային կազմակերպություններում» բաժնում, սակայն այդ տվյալը բացակայել է, հայտնում է «Փաստինֆոն»։

Հետագայում Հանձնաժողովն նոր վարույթ է սկսել՝ հիմնվելով Փարամազյանի՝ կնոջ ներգրավմամբ ընկերության հետ կնքած գործարքի վրա։ ԿԿՀ-ն արձանագրել է, որ համայնքապետի կարգավիճակում գտնվելով՝ նա օրենքով նախատեսված կարգով ԿԿՀ-ին նախապես գրավոր ձևով չի տեղեկացրել այդ կապի մասին։ Վարույթի ընթացքում Փարամազյանի ներկայացուցիչը նշել է, որ Լիլիթ Դավթյանի անուղղակի մասնակցությունը «Աժդանակ» ՍՊԸ-ում կազմում է 40 տոկոս։

Նա պարզաբանել է, որ Մանվել Փարամազյանը կամ Լիլիթ Դավթյանը, լինելով փոխկապակցված անձինք՝ 40 տոկոս անուղղակի մասնաբաժնով, որևէ կերպ չեն վերահսկում «Աժդանակ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի կեսից ավելին, չեն կարողանում ազդել ընկերության որոշումների վրա կամ պարտադրող բնույթի հանձնարարականներ տալ։ Ըստ նրա՝ այս հանգամանքները վկայում են, որ «Աժդանակ» ՍՊԸ-ն իրավական իմաստով չի համարվում Փարամազյանին փոխկապակցված կառույց, հետևաբար՝ այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքելը չի կարող դիտարկվել որպես շահերի բախման հիմք։ Նա հավելել է, որ պայմանագիրը կնքվել է գնումների գործընթացի շրջանակում։

«Քաջարան համայնքը գնում է հայտարարել մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով, հայտարարվել է բաց մրցույթ, որին մասնակցության հայտ է ներկայացրել միայն «Աժդանակ» ՍՊԸ-ն, արդյունքում վերջինս էլ ճանաչվել է որպես մրցույթի հաղթող»,- նշել է փաստաբանը։

Փարամազյանի ներկայացուցիչը կոչ է արել դադարեցնել վարույթը։

ԿԿՀ-ն արձանագրել է, որ փոխկապակցվածության փաստի առկայությունն արդեն բավարար է համարելու, որ պաշտոնատար անձը՝ շահերի բախման մասին իրավակարգավորումների ենթակա, պարտավոր է մինչև որոշում կայացնելը կամ գործողություն իրականացնելը գրավոր ձևով այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովին, ինչը չի արվել։ Միաժամանակ արձանագրվել է, որ «Աժդանակ» ՍՊԸ-ն, գործելով որպես ակտիվ ընկերություն, պայմանագրերի արդյունքում ստանում է եկամուտներ, որոնցից կարող է շահույթ ստանալ նաև Լիլիթ Դավթյանը՝ որպես մասնակից։ Պայմանագրի կնքման պահին, Փարամազյանի կինը գործնական հարաբերությունների մեջ է գտնվել ընկերության հետ, ուստի այդ պայմանագիրը կարող էր հանգեցնել շահերի բախման ռիսկերին։

Այս ամենի արդյունքում ԿԿՀ-ն որոշել է նշանակել Մանվել Փարամազյանին 300,000 դրամի վարչական տուգանք։

 Ուշագրավ
---