«Հետք»․ Սլովակիայի ՊՆ ղեկավարը ՀՀ–ին 2 անգամ «օկուպանտ» է ներկայացրել, Երևանը լռում է

«Հետք»․ Սլովակիայի ՊՆ ղեկավարը ՀՀ–ին 2 անգամ «օկուպանտ» է ներկայացրել, Երևանը լռում է

PanARMENIAN.Net - Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը, 2024 թ․ փետրվարի և մարտի հարցազրույցներում կրկնությամբ հայտարարել է, թե իբր Հայաստանը «օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը»։ Առաջին անգամ նման պնդում հնչել է փետրվարի 21-ին՝ TA3 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, իսկ երկրորդը՝ մարտի 16-ին հրապարակված մեկ այլ զրույցում, հայտնում է «Հետքը»։

Մասնավորապես, անդրադառնալով Ուկրաինայում ընտրությունների թեմային՝ Կալինյակը համեմատական է անցկացրել Հայաստանի և Արցախի օրինակի հետ։

«Եթե այն (նկատի ունի Ուկրաինան – հեղ.) միակը լիներ, որն օկուպացվել է, ես ոչինչ չէի ասի: Բայց Կիպրոսում ընտրությունները վատ չեն անցնում, ընդ որում՝ երկրի 1/3-ը օկուպացված է արդեն 40 տարի: Սա՝ առաջին դեպքը: Երկրորդ դեպքը՝ երբ ընտրություններ են անցկացվել շատ այլ տարածքներում. երբ Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանը, բայց չնայած դրան՝ Ադրբեջանում տեղի են ունեցել որոշ գործընթացներ: Նման բազմաթիվ դեպքեր կան»,–ասել է նա։

Սակայն այս հայտարարություններին ի պատասխան ՀՀ կառավարությունը որևէ հրապարակային կամ դիվանագիտական գործողություն չի իրականացրել։ Ոչ Սլովակիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, ոչ էլ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը որևէ կերպ չեն արձագանքել Սլովակիայի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից տարածվող կեղծ թեզերին։

Սլովակիայի հայ համայնքը, լինելով միակ տեսանելի արձագանքող կողմը, երկու անգամ հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդդիմանալով նախարարի ասածներին և հորդորելով նրան ստուգել փաստերը։

Փետրվարի 22-ին «Լուրեր Ղարաբաղ-Արցախից» ֆեյսբուքյան էջով Սլովակիայի հայերը գրել են. «Ցավում ենք, որ նախարարը տրվել է ադրբեջանական քարոզչությանը: Քաղաքական գործիչները պետք է ստուգեն փաստերը, այլ ոչ թե ապատեղեկատվություն տարածեն...»։

Նրանք, պատմական վկայակոչումներով, նշել են, որ հենց Ադրբեջանն է օկուպացրել ՀՀ միջազգայինորեն ճանաչված տարածքի մի մասը, Ղարաբաղի 120,000 հայերին վտարել իրենց բնօրրանից ու ոչնչացնելով քրիստոնեական ժառանգությունը։

Մարտի 18-ին հայ համայնքը կրկին արձագանքել է Կալինյակի երկրորդ հայտարարությանը՝ նշելով. «Հայաստանը պատմության ընթացքում երբեք չի ներխուժել Ադրբեջան և երբեք չի օկուպացրել որևէ ադրբեջանական տարածք։ Հավանաբար Դուք դարձել եք բռնապետ Ալիևի ռեժիմի քարոզչության զոհ... Ադրբեջանը ներկայում օկուպացրել է մոտ 200 քկմ հայկական ինքնիշխան տարածք և Բաքվում պահում է տասնյակ հայ գերեվարված անձանց...»։

Հայ համայնքն իր հայտարարության վերջում նշել է. «Պատկերացրեք, որ հարևան երկիր ռմբակոծում է Սլովակիան, օկուպացնում Բրատիսլավայի մեծ մասը... Հենց այդպիսի բան է անում այսօր Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ։ Այսպիսին են փաստերը...»։

Սակայն թե՛ Կալինյակի երկու հայտարարություններից հետո, թե՛ հայ համայնքի հրապարակային միջամտություններից հետո ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը մնացել է անբավարար։

«Հետք»-ը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից՝ մի քանի կոնկրետ հարց ուղղելով, բայց, նախարարությունը սահմանափակվել է ընդհանրական, ոչ հստակ ձևակերպումներով։

Նախարարությունը նշել է. «ՀՀ ԱԳ նախարարությունը, ինչպես նաեւ Սլովակիայում ՀՀ դեսպանությունը մշտական կապ են պահպանում սլովակ գործընկերների հետ, և դիվանագիտական խողովակներով մշտապես բարձրաձայնվում է Հայաստանին մտահոգող այս կամ այն հարցը...»։

Այնուամենայնիվ, ոչ մի խոսք չի ասվել այն մասին, թե արդյոք ՀՀ ԱԳՆ-ն կամ Սլովակիայում ՀՀ դեսպանությունը որևէ կերպ արձագանքել են Կալինյակի տարածած ապատեղեկատվությանը։

Նշվում է, որ ՀՀ ԱԳՆ-ն 2024 թ․ հունիսին, ինչպես նաև 2025-ի հունվարին, բողոքի նոտաներ է ներկայացրել Բելառուսին և Ռուսաստանին՝ նրանց բարձրաստիճան պաշտոնյաների արտահայտությունների համար, բայց Սլովակիայի պաշտոնյաների դեպքում նման արձագանք չի եղել։

Նշվում է, որ Սլովակիան ու Ադրբեջանը համագործակցում են ռազմական ոլորտում։

2017-2018 թթ., երբ Սլովակիան ղեկավարում էր այսօրվա վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, այդ երկիրը ծանր հրետանային ռազմատեխնիկա է առաքել Ադրբեջան, որը հետագայում կիրառվել է, մասնավորապես, 44-օրյա պատերազմում Արցախի դեմ, ինչը փաստագրված է: Բայց արտահանման փաստաթղթերում որպես հասցեատեր նշվել է իսրայելական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկը, որն իրականում Ադրբեջանի գլխավոր մատակարարներից է: Այսինքն՝ կիրառվել է Իսրայելի միջոցով զենքի իրական գնորդին թաքցնելու սխեմա: Այս մասին 2018-ին բարձրաձայնել էր նաեւ դեսպան Սեյրանյանը: Ավելի ուշ «Հետքի» միջոցով սլովակ լրագրողների հարցերին պատասխանելիս այդ երկրի էկոնոմիկայի նախարարությունը, որը զենքի արտահանման թույլտվություն էր տվել, փորձել է «լվանալ ձեռքերը»՝ հայտարարելով, թե գնորդը եղել է իսրայելական կողմը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---