Միրզոյան. Թուրքիայի հետ գործակցության հեռանկարներն ավելին են, քան մինիմալ հարաբերությունների հաստատումը![]() 14 ապրիլի 2025 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-13-ը Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական համաժողովի ընթացքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ համաժողովն օգտակար հարթակ է եղել ինչպես թուրք գործընկերների, այնպես էլ այլ երկրների ներկայացուցիչների հետ շփման համար։ Հատուկ ընդգծվել է Հարավային Կովկասին նվիրված պանելային քննարկումը, որին մասնակցել են նաև Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները։ Միրզոյանն այդ մասին ասել է ՍիվիլՆեթին տված հարցազրույցում։ Միրզոյանը հայտնել է, որ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելով ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Խոսելով Հայաստան-Թուրքիա գործընթացի մասին՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցության հեռանկարներն ավելին են, քան մինիմալ հարաբերությունների հաստատումը։ Միրզոյանը նշել է, որ որոշ պայմանավորվածություններ արդեն կյանքի են կոչվել, օրինակ՝ օդային տարածքի հարցը։ Նշվել է նաև, որ Մարգարա-Ալիջան անցակետի ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, սակայն, ինչպես նկատել է նախարարը, կան պայմանավորվածություններ, որոնք դեռ չեն իրագործվել, օրինակ՝ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին համաձայնությունը։ Ըստ Միրզոյանի՝ Թուրքիան որոշ պայմանավորվածությունների իրագործումը կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացումների հետ, մինչդեռ հայկական կողմը գտնում է, որ հայ-թուրքական առաջընթացը կարող է նպաստել նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Ըստ նրա, թուրքական կողմի հետ կա ըմբռնում, որ կան շատ ավելի մեծ համագործակցության հեռանկարներ։ «Երկուստեք տեսնում ենք հնարավորություն ոչ միայն մինիմալ հարաբերությունների հաստատման, այլև շատ էական միջպետական առևտրի, տարանցիկ հնարավորությունների, էներգետիկ համատեղ ծրագրերի իրականացման առումով: Նաև նշեմ, որ միջազգային քաղաքականության որոշ հարցերում մեր դիրքորոշումներն ամենևին այդքան հեռու չեն իրարից, քան կարող է թվալ․ օրինակ` մերձավորարևելյան քաղաքականության օրակարգի որոշ հարցերի շուրջ: Ընդհակառակը, երբեմն բավական մոտ են: Այնպես որ, համագործակցության հնարավորություններ կան: Նորից նշեմ, որ մենք չենք խոսում մինիմալ հարաբերությունների հաստատման և փոխհանդուրժողականության մասին: Կա ըմբռնում, որ կան շատ ավելի մեծ համագործակցության հեռանկարներ»,–ասել է նա։ Թեև կան ընկալումների տարբերություններ, Միրզոյանը ընդգծել է, որ երկխոսությունը շարունակվում է, և Հայաստանը վճռական է մնում կառուցողական մոտեցման պահպանման հարցում՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ «Ես ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտը և Հայաստանի դիրքորոշումը դրա ստորագրման վերաբերյալ»,-ասել է Միրզոյանը։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում, ըստ նրա, կայանում է նրանում, որ նույնիսկ եթե խաղաղության պայմանագրով բոլոր հնարավոր խնդիրները չլուծվեն, այն պետք է ստորագրվի, քանի որ դրանով գործարկվում է հանձնաժողով, որը հետագայում կմեկնաբանի ու կլուծի առաջացող հարցերը։ Հայաստանի մոտեցումն այն է, որ առանց երկարաձգման պետք է անցնել ստորագրմանը։ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը երկու նախապայման է դրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի սահմանադրության փոփոխություն։ Հայաստանը կարծում է, որ Մինսկի խումբը կդադարի իր գոյությունը, երբ ստորագրվի պայմանագիրը, և պատրաստ է միաժամանակ ստորագրել երկու փաստաթուղթը։։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, նա ընդգծել է, որ Հայաստանը չի դնում տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, իսկ հենց Ադրբեջանի սահմանադրությունում նման հավակնություններ կան։ Նա ասել է, որ պայմանագիրը վավերացնելուց առաջ այն կուղարկվի Սահմանադրական դատարան, և եթե դատարանը այն համապատասխան գտնի ՀՀ Սահմանադրությանը, ուրեմն հարցն իսկապես լուծված կլինի։ Միրզոյանի կանխատեսմամբ՝ դատարանը կտա դրական եզրակացություն՝ ելնելով նախորդ որոշումից։ Մեկնաբանելով բանակցությունների ընթացքը՝ Միրզոյանը նշել է, որ կողմերը դեռ չեն հասել փոխադարձ դիրքորոշումների համաձայնեցման, բայց անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը՝ խուսափելու փակուղիներից։ Անդրադառնալով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման շուրջ քննարկումներին՝ Միրզոյանը բացահայտել է, որ հայկական կողմն առաջարկել է երկկողմ ինքիշխանության լիարժեք պահպանմամբ փոխադարձ երկաթուղային հասանելիություն՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և անվտանգության ապահովման մեխանիզմներ։ Այս առաջարկը որոշ չափով դրական արձագանք է ստացել, սակայն ներկայումս ադրբեջանական կողմից ավելի սառը վերաբերմունք կա։ Միրզոյանն Անթալիայում մասնակցել է դիվանագիտական համաժողովին, առանձին հանդիպում ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, մասնակցել պանելային քննարկման՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |