Մարտ ամսվա վերջին բրիտանական մասնավոր ընկերության ինքնաթիռը նկատվել է Հայաստանի երկնքում՝ պտտվելով Երևանի ու Սիսիանի շուրջ, ինչը հաստատվել է Flightradar24 կայքում։ Այնուհետև, ըստ նույն աղբյուրների, ինքնաթիռը շարժվել է Թբիլիսի, այնուհետ թռել է դեպի Գյանջա և շարժվել Լեռնային Ղարաբաղ՝ երկարատև շրջանաձև թռիչքներ կատարելով նաև այդ տարածքում։ Oդանավը պատկանում է Բորնմութում հիմնված Flight Precision ընկերությանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Ընկերության պաշտոնական կայքում նշվում է, որ իրենք շահագործում են Beechcraft King Air 350i օդանավը՝ համալրված Aerodata (AD-AFIS) ինքնաշխատ թռիչքների ստուգման համակարգով։ Ըստ կայքի, ընկերությունն իրականացնում է թռիչքային անվտանգության ստուգումներ աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Վկայակոչելով նույն աղբյուրը՝ նշվում է, որ նրանք ծառայություններ են մատուցել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ոլորտներին՝ Եվրոպայում, Աֆրիկայում, ԱՊՀ-ում, Մերձավոր ու Հեռավոր Արևելքում։
Sputnik Արմենիան դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին՝ Սիսիանի տարածքում կատարված թռիչքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։
Քաղավիացիայի պատասխանում նշվել է, որ մարտ ամսին անգլիական «Flight Precision Ltd» ընկերությունը, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի պատվերով, «Beechcraft Corporation B300» օդանավով թռիչքափորձարկումներ է իրականացրել Սիսիանի օդանավակայանում՝ տեղադրված VOR/DME ռադիոնավիգացիոն համակարգի փորձարկման նպատակով։
Ավելին, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն ներառված է բրիտանական ընկերության կայքում նշված հաճախորդների ցանկում։
Նշվում է, որ ներկայում Սիսիանի օդանավակայանը հանդիսանում է ռազմական նշանակության օբյեկտ, թեև նախատեսվում է դրա վերագործարկումը նաև քաղաքացիական նպատակներով։
Լրատվամիջոցի տվյալներով՝ բրիտանական օդանավը տեխնիկական թռիչքներ է իրականացրել նաև օկուպացված Արցախի տարածքում՝ Ադրբեջանի կողմից կառուցվող «Լաչին» օդանավակայանի տարածքում։ Չհաստատված աղբյուրների համաձայն՝ այն կարող է լինել առաջին օդանավը, որը վայրէջք և թռիչք է իրականացրել այդ օդանավակայանում։
Ապրիլի սկզբին ինքնաթիռը՝ Ադրբեջանի տարածքում գործողություններից հետո, Թբիլիսիով վերադարձել է Հայաստան, թռիչքներ իրականացրել Սիսիանի ու Կապանի օդանավակայանների շուրջ, ապա մեկնել Եվրոպա։