Բողոքի ակցիա՝ ԱԳՆ դիմաց․ Արցախցիների կոչը՝ չփակել Արցախի հարցն ու պահպանել Մինսկի խումբը

Բողոքի ակցիա՝ ԱԳՆ դիմաց․ Արցախցիների կոչը՝ չփակել Արցախի հարցն ու պահպանել Մինսկի խումբը

PanARMENIAN.Net - Արցախցիները ՀՀ ԱԳՆ շենքի մոտ են՝ իշխանություններից պահանջում են քայլեր ձեռնարկել գերիների վերադարձի մասով, ինչպես նաևչլուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, չփակել արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։

ԱԳՆ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում Անաստաս Իսրայելյանը հիշեցրել է արցախցիների ինքնորոշման իրավունքը, ապա նկատել, որ արցախցիների անունից ոչ ոք իրավունք չունի՝ Արցախի հիմնախնդրի հետ կապված նման որոշումներ կայացնելու, հայտնում է «Փաստինֆոն»։

«Մենք՝ որպես հանրություն, որպես ազգ, պետք է գնանք այն իրավունքների հետևից, որը կապված է մեր հայ լինելու, հայ ապրելու հետ։ Իշխանությունները ժամանակավոր բան է, մենք ենք այստեղ ապրողը, մենք են մեր իրավունքների տերը»,- նշել է Իսրայելյանը՝ հավելելով, որ իրենք դեմ են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, իշխանությունների դիրքորոշմանը։

«Եթե դուք չունեք այդ հարցի պատասխանը, ապա դա չի նշանակում, որ այդ հարցը պատասխան չունի, պարզապես դուք չեք կարողանում ձևակերպեք պատասխանը՝ որպես ղեկավարություն։ Կգան ժամանակներ, կգան ղեկավարներ․․․ կան փաստաթղթեր, որոնք ձեզ թույլ կտան այդ հարցը մինչև վերջ չփակել»,–ասել է նա։

Իսրայելյանը նշել է, որ գործող իշխանությունների սխալների հետևանքով է ստեղծվել ներկա վիճակը։

«Ներկա իշխանությունն է պատճառը, որ հասել ենք այս օրվան։ Մենք Արցախում ապրելիս ընդամենը երկու հարց ենք ունեցել՝ ինքնորոշման հարց և հետագա կարգավիճակը, իսկ Արցախը կորցնելուց հետո կետերը հասել է 12-ի, որ վաղն այդ հարցերը 24 կետ չդառնա, դուրս ենք եկել։ Սա միայն արցախցիների հարց չէ, սա ազգային հարց է, վտանգի տակ ենք բոլորս»,- ասել է նա։

Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանըլրագրողների հետ զրույցում ընդգծել է իշխանությունների դերի ու պատասխանատվության կարևորությունը, հայտնում է «Առավոտը»։

«Եթե մենք ճնշում չենք գործադրում, չենք բարձրաձայնում մեր խնդիրների, մեր իրավունքների պաշտպանության մասին, շատերը թե ներսում, թե դրսում մեկնաբանում են, թե Արցախի էջը, այսպես ասած, փակված է, եւ բոլորը մարսել են Արցախի ժողովրդի բռնի տեղահանումն ու հայրենազրկումը։ Այս պարագայում, ի դեմս արտգործնախարարության, ՀՀ կառավարությունը համար մեկ պատասխանատուն է, որ Արցախի էջը չպետք է փակվի։ Եվ քանի կա Արցախի ժողովուրդ, կա նաեւ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիր։ Եվ ՀՀ կառավարությունը համար մեկ սուբյեկտն է, որն այս ուղղությամբ շատ լուրջ անելիքներ ունի»,–ասել է նա։

Բեգլարյանը նշել է, որ այսօրվա իշխանություններից մեծ ակնկալիքներ չունեն, սակայն հանրային ճնշումը կարող է որոշ չափով արդյունք տալ։

«Ես տարբեր երկրների դիվանագետների եմ հանդիպում, բոլորն էլ մեզ ուղիղ ասում են՝ ի՞նչ եք ուզում մեզանից, եթե Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում այդ հարցերը չկան։ Եվ սա բավականին տրամաբանական պատասխան է։ Դրա համար բոլորս պիտի գիտակցենք, որ առաջին հերթին մենք ՀՀ իշխանություններից ունենք պահանջներ, որպեսզի Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխավորման հարցերը լինեն արտաքին քաղաքական օրակարգում։ Սակայն դա չի նշանակում, որ մենք դրան զուգահեռ՝ միջազգային կառույցներից կամ կոնկրետ պետություններից պահանջներ ու ակնկալիքներ չպետք է ունենանք, զուգահեռաբար մենք պետք է այդ ուղղությամբ էլ աշխատենք»,- հավելել է Բեգլարյանը։

Ակցիայի մասնակիցները ԱԳՆ-ից ակնկալում են որոշակի և հասցեական քայլեր՝ ուղղված արցախցիների համահավաք վերադարձին, հայ գերիների ազատ արձակմանը, Արցախի մշակութային ժառանգության և մասնավոր սեփականության պաշտպանությանն, ինչպես նաև միջազգային իրավական հարթակներում՝ Միջազգային քրեական դատարան պետական դիմումի ներկայացմանն ու արդեն ներկայացված գանգատներից չհրաժարվելուն։ Նրանք ևս մեկ անգամ շեշտել են՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է լուծարվի։

Նշված պահանջները արցախցիները նախկինում արդեն փոխանցել են ՀՀ կառավարությանը՝ նամակով։

ՀՀ ԱԳՆ հայտարարել է. «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։

 Ուշագրավ
---