Արցախի Սարգսաշեն գյուղը՝ իր տներով, փողոցներով, պատմական շերտերով, գրեթե հիմնովին ոչնչացվել է

Արցախի Սարգսաշեն գյուղը՝ իր տներով, փողոցներով, պատմական շերտերով, գրեթե հիմնովին ոչնչացվել է

PanARMENIAN.Net - Արցախի Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը դարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող համակարգված վանդալիզմի հերթական զոհը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

Սարգսաշեն գյուղը՝ իր տներով, փողոցներով, պատմական շերտերով, գրեթե հիմնովին ոչնչացվել է:

«Ժամանակավորապես բռնազավթված Արցախի տարածքում «Ադրբեջանի Հանրապետության» կողմից վարվող պետական մակարդակի նպատակաուղղված և համակարգված քաղաքականությունը աճում է եկրաչափական պրոգրեսիայով։ Ծանր շինարարական և ռազմական տեխնիկայի կիրառմամբ օրեցօր ընդլայնվում են հայաթափված բնակավայրերի և թաղամասերի լիակատար ավերման ծավալները։ Այս քաղաքականության հիմնական նպատակն է՝ ոչ թե պարզապես վերացնել հայ բնակչության ֆիզիկական ներկայությունը, այլ ամբողջությամբ ջնջել նրա նյութական, մշակութային և պատմական ժառանգության հետքերը՝ Արցախը վերաձևելով որպես «ազատագրված» տարածք ադրբեջանական նարատիվի համաձայն։

Սույն քաղաքականության հերթական զոհն է դարձել Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը»,- ահազանգում է Ավանեսովը։

Նրա տեղեկացմամբ՝ արբանյակային պատկերների վերլուծությամբ պարզվել է, որ գյուղը, որը 2020 թվականին Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկանների դաշինքով սկսված պատերազմի հետևանքով անցել է հակառակորդի վերահսկողության տակ, 2021-ից մինչև 2024 թվականները կրել է լուրջ ավերածություններ, իսկ 2025 թվականի արբանյակային լուսանկարները փաստում են գյուղի ամբողջական և համակարգված վերացման մասին։

«Սա մեկ օրինակ է Արցախի տարածքում իրականացվող պետական վանդալիզմի ընդհանուր ռազմավարությունից։ Տասնյակ գյուղեր և քաղաքներ կամ ամբողջությամբ, կամ` մասնակիորեն վերացվել են՝ նպատակ ունենալով մշակութային, պատմական և քաղաքակրթական ժառանգության լիակատար ջնջում։ Այդ վայրերի թվում են՝ Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր, Թաղուտ-Թաղոտ, Առաքել համայնքն իր Ձորագյուղով։ Այս բոլոր բնակավայրերը ոչ միայն ֆիզիկապես են ոչնչացվում, այլ ջնջվում են նաև որպես մշակութային հիշողության կրողներ։

Այստեղ այլևս կասկածի տեղիք, որևէ եզր չկա. Արցախում կատարվում է ոչ միայն 21-րդ դարի, այլև մարդկության պատմության ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկը։ Խոսքը զուտ մարդկային զոհերի կամ պատերազմի ավերածությունների մասին չէ։ Խոսքը համակարգված, ծրագրավորված մշակութային ու քաղաքակրթական վերացման մասին է, որը պետք է դիտարկվի որպես միջազգային իրավունքի խախտում և արժանանա համաշխարհային հանրության կոշտ արձագանքին»,- ասվում է գրառման մեջ։

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ի, զեկույցը ուշադրություն է հրավիրում նաև Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման փաստերին։ USCIRF-ն ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին առաջարկել է մի շարք քայլեր ձեռնարկել, մասնավորապես թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, թույլ տալ, որ անկախ միջազգային դիտորդները, օրինակ` ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելեն Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ մշակութային և կրոնական ժաանգության ցանկը ստուգելու և փաստաթղթավորելու համար: Կառույցը նաև առաջարկել է լսումներ անցկացնել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---