Սարգսյան․ Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է

Սարգսյան․ Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադրման 35–ամյակին նվիրված նիստում իր ելույթի ժամանակ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կուսակցությունն անցել է թե՛ իշխանության մեջ լինելու, թե՛ ընդդիմության դերում փորձությունների միջով՝ չնայած այն բոլոր ճնշումներին, որոնք գործադրվել են Հանրապետականի դեմ։

Խոսելով այն մասին, թե Հանրապետականին մեղադրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ՝ Սարգսյանը նշել է, որ կուսակցության վերջին համագումարին այս թեմայով անգամ ձևակերպում է տվել, որ չի ստիպել «գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի՝ էշի ճակատը»:

«Դա, կարծես, թևավոր խոսք դարձավ սրանց մասին: Հիմա ուզում եմ, վերջին զարգացումները հաշվի առնելով, շարունակել միտքս. «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»: Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է»,–ասել է նա։

Սարգսյանը նշել է, որ նման պնդումներ հնչեցնում են հենց այն մարդիկ, ովքեր ժամանակին մասնակցել են իր դեմ ուղղված ցույցերին կամ աջակցել են դրանց թաքուն։ Նա համոզված է՝ 2018-ի իրադարձությունները ոմանց համար կարող էին լինել մոլորություն, իսկ մյուսների՝ ծրագրավորված գործողություն։

«Նորից ու նորից միտումնավոր հրապարակ են նետում «դուք բերեցիք Նիկոլին» թեզը՝ մաքրելու համար իրենց ոչ հեռու անցյալը... Նրանք՝ նման բան ասողները, առնվազն ազնիվ չեն... Մինչդեռ 2018-ից հետո նրանք՝ սորոսական և նույնանպատակ այլ կառույցները, կուրացել ու խլացել են, ասես գետնի տակ անցել։ Մեզ մեղադրողներին միայն կասեմ հետևյալը՝ սեփական սխալն ընդունելը, առավել ևս՝ ուղղելը, անշուշտ, մեծ համարձակություն է պահանջում. շատ լավ հասկանում եք, որ յոթ տարի առաջ հրաժարականի պարտադրանքին ոգևորությամբ մասնակցելը կամ տոտալ անտարբերությունը ձեզ հանցակից է դարձնում այն ամենին, ինչ տեղի ունեցավ դրանից հետո:

Ընդունել սեփական հանցակցությունը, ունենալ այդքան ազնվություն խոստովանելու, որ ամեն մեկիդ մասնակցությունը հրապարակում թույլ է տվել իշխանազավթին օգտագործել ձեզ իր հեռահար նպատակի համար, չափազանց դժվար է, ինչ խոսք, իսկ, այ, ուրիշին մեղադրելը ամենահեշտն է: Ուրեմն ինչո՞ւ չգնալ հեշտ ճանապարհով»,–ասել է նա։

Սարգսյանը հավելել է, որ ցավալիորեն այդ ճանապարհն են ընտրել նաև նրանք, ովքեր իշխանության հասնելու իրենց քայլերում հաջողության չունեցան, այդ թվում՝ պայքարի իրենց երբեմնի գործընկերները։

«Երբ Հայաստանի պետականակործան կառավարիչների դեմ պայքարում մենք՝ մեզ մերժողների հետ կողք կողքի կանգնում էինք հրապարակում, ենթարկվում բռնաճնշումների, փողոցում պայքարում բիրտ ուժի դեմ, ունեինք այն բարձր գիտակցումը, որ այս իրավիճակում հիշաչարությունը, քինախնդրությունը չպետք է ավելի կարևոր լինեն, քան «խորտակման վտանգի ենթակա մեր ընդհանուր նավը» միասին անփորձանք ափ հասցնելը: Եվ այս գիտակցումը երբեք չի լքել մեզ: Մինչդեռ նշածս շրջանակներից ոմանք նույնիսկ այսքանից հետո շարունակում են «Սերժ մերժել», քար նետել Հանրապետականի վրա։ Համաձայնեք, որ ստեղծված իրավիճակում դա այլևս ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ հոգեբանական ախտ, ինչպես Արմեն Աշոտյանը կասեր` պաթոլոգիա։

Ոմանք հիմա էլ 2018-ի իշխանազավթման մասին մի քանի տարի առաջ ասածս են քննարկում, թե՝ ես չեմ պարտվել սրանց, այլ պարտվել եմ շատ ավելի մեծ ուժերի։ Ուզում են հասկանալ և իբրև թե ոչ մի կերպ չեն հասկանում՝ այդ ի՞նչ ուժերի եմ պարտվել: Ցավով պետք է նշեմ, որ այն ամենից հետո ինչ բոլորիս աչքի առաջ կատարվում է մեր երկրում և այն արհավիրքը, որը տեղի ունեցավ Արցախի հետ, այդպես էլ չբացեց նրանց աչքերն ու միտքը, որպեսզի վերջապես գիտակցեն, որ այդ պայքարում պարտվեցինք ոչ միայն ես և մեր քաղաքական թիմը, այլ վերջնարդյունքում պարտվեցինք ազգովի:

Պարտվեցինք մեր տարածաշրջանում իրենց հաշվարկներն ու ծրագրերն ունեցող և ամեն կերպ դրանց իրագործմանը ձգտող ուժերին: Նրանց, ում ձեռնտու չէր այն կարմիր գիծը, որ մենք գծել էինք մեր ազգային շահի տեսանկյունից, նրանց, ում պատկերացումները Հայաստանի և Արցախի մասին չեն համապատասխանում մեր պատկերացումներին։ Նրանք Հայաստանում գտան կարմիր գծեր չունեցող, իշխանության ու փողի համար ամեն ինչի պատրաստ ազգուրաց տականքների, ովքեր պոպուլիզմով մթագնեցին շատերի ուղեղները և հիմա ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում մինչև չիրականացնեն իրենց տերերի բոլոր պահանջները»,–նշել է Սարգսյանը։

Նա խոսել է նաև Մաքսային միությանը միանալու «մեկ գիշերում որոշում կայացնելու» մասին շրջանառվող թեզին։

«Մեր գործունեության սկզբից ի վեր մեզ հարվածել են դրսից ու ներսից, աջից ու ձախից, հարվածել են թիկունքից միայն նրա համար, որ մենք մեր գործողությունները կառուցել ենք՝ հիմնված բացառապես մեր ազգային շահերի վրա, որ մենք չենք ենթարկվել այս կամ այն ինտեգրացիոն համակարգը մյուսի շահերի հաշվին ընտրելու հորդորներին և կարողացել ենք շատ հստակ հիմնավորել, թե ինչու: Մեզ հարվածել են մեր իրավունքներն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու, մեր պետությանը և ժողովրդին պատուհասելիք վտանգները գիտակցելու և արկածախնդրության չգնալու համար: Հնարել են «Մեկ գիշերում որոշում կայացնելու» հեքիաթը և այնքան են պատմել, որ սկսել են իրենք էլ հավատալ իրենց հնարածին՝ միտումնավոր չտեսնելու տալով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խնդիրների ֆոնին բանակցային կողմերի հետ մեր տևական և ծանր, բայց միևնույն ժամանակ արգասաբեր աշխատանքը: Դրա արդյունքը, այո, ԵԱՏՄ-ին անդամակցության նպատակով մեր հետևողական բանակցությունների հաջող ավարտն էր և ԵՄ-ի հետ զուգահեռ տարվող աշխատանքի ավարտին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այն ներառում էր մեր համագործակցության ամբողջական օրակարգը և շահերը»,–ասել է ՀՀ երրրոդ նախագահը։

Նա հավելել է, որ 2018 թվականի սկզբին Մյունխենում կայացած անվտանգության համաժողովում նույն պետությունները Հայաստանը ներկայացրել են որպես բացառիկ օրինակ՝ իբր հաջողությամբ հասած բարդ ու հակասական համաձայնությունների։

 Ուշագրավ
---