«Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակվել է տուգանք, նա ազատվել է պատժից

«Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակվել է տուգանք, նա ազատվել է պատժից

PanARMENIAN.Net - «Ավտոբուսի գործով» անցնող ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ դատարանը վճռել է կիրառել 750 հազար դրամի տուգանք, միաժամանակ, հաշվի առնելով, որ նա մոտ հարյուր օր գտնվել է տնային կալանքի մեջ, նրան ազատել պատժից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Տեղի ունեցան Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» լրացուցիչ դատալսումները՝ նշանակման ենթակա պատժի հարցով։ Լսելով կողմերին՝ դատարանը վճռեց նշանակել պատիժ 750 հազար դրամ տուգանքի ձևով։ Միաժամանակ, հաշվի առնելով 100 օր տևողությամբ տնային կալանքը, դատարանը վճռեց Սամվելին ազատել պատժից։

Հիշեցնեմ, որ հիմնական դատալսումների արդյունքում դատարանը Սամվելին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու խիստ հոդվածով արդարացրել էր։ Մենք համաձայն չենք դատապարտման հետ և պատրաստվում ենք դատավճիռը բողոքարկել։

Հիշեցնեմ նաև, որ ուղիղ 1 տարի առաջ՝ 2024թ. ապրիլի 15-ին Սամվելին խոշտանգելու փաստով քննվող վարույթով որևէ առաջընթաց չկա»,–գրել է նա։

Մեկ տարի առաջ՝ ավտոբուսում, Վարդանյանը նկատել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին և հրապարակային կերպով նրան վիրավորել էր՝ օգտագործելով «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» արտահայտությունները։ Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է պատգամավորը հարվածում Վարդանյանին։ Դրանից հետո ընդդիմադիր ակտիվիստին ներկայացվել էր մեղադրանք, իսկ պատգամավորը ստացել էր տուժողի կարգավիճակ։

 Ուշագրավ
---