Փաշինյան. Lրջորեն պետք է քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը

Փաշինյան. Lրջորեն պետք է քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության ծրագրի 2024 թ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասել է, որ դեռ չենք հասել այն կետին, որ արդարադատությունը նշանակի արդարություն, սակայն վճռական են շարժվելու այդ ուղղությամբ։

Նա հայտարարել, որ նոր Սահմանադրության ընդունման համատեքստում լրջորեն պետք է քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, կապերը շատ ուժեղ են, երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման պարագայում կարող ենք կանգնել արդարադատության չիրականացման առաջ:

«Բայց այսօր էլ ենք կանգնած այդ պրոբլեմի առաջ և բացի այդ խնամի-ծանոթ բարեկամ կապերը, ինչպես կգործեն երդվյալ ատենակալների դեպքում, նույնքան գործում են այսօր օպերատիվ աշխատողի, քննիչի, դատախազի, դատավորի դեպքում»,–ասել է նա։

Նա անընդունելի է համարել այն քննադատությունը, որ բաց են թողել դատավորների վեթինգի հնարավորությունը։ Փաշինյանը նշել է, որ այսօր գործող դատավորների կազմը մոտ 60 տոկոսով նշանակվել է 2018 –ից հետո։

«Մենք, բառիս բուն իմաստով, զրոյից Հակակոռուպցիոն դատարան ենք ստեղծել՝ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններով: Բայց, պետք է խոստովանել, որ Հակակոռուպցիոն դատարանի հանրային ընկալումները հաճախ չեն տարբերվում մեր մնացած դատարանների ընկալումներից: Սա մեզ պետք է հուշի, որ խնդիրները և դրանց լուծումներն այնքան էլ պարզ չեն, որքան կարող է թվալ»,-ասել է վարչապետը:

Ըստ նրա, այս խնդիրներն առաջին հերթին կապված են այն իրավաբանական մտածելակերպի և կրթության հետ, որ երկար տարիներ հաստատվել են Հայաստանում:

«Արել եմ ամեն ինչ՝ սկսած դատարանների շրջափակումից, վերջացրած դատաիրավական համակարգերում աշխատավարձերի՝ շատերի կողմից անտրամաբանական համարվող բարձրացմամբ, շարունակած ամենատարբեր հնարավոր ու անհնար կադրային փոփոխություններով ու ինստիտուցիոնալ բարեփոխումներով»,-ասել է վարչապետը։

Երդվյալ ատենակալների համակարգի կիրառման հարցը ՀՀ-ում քննարկվել է տարիներ առաջ՝ որոշվել է, որ փոքր բնակչությամբ երկրում այս համակարգը արդյունավետ լինել չի կարող։

 Ուշագրավ
---