ԱԺ-ի մոտ պահանջում են չեղարկել տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար տուգանքի օրինագիծը![]() 15 ապրիլի 2025 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի շենքի դիմաց՝ հանդես գալով ընդդեմ այն օրինագծի, որը նախատեսում է վարչական պատասխանատվություն սահմանել տրանսպորտում ուղեվարձ չվճարելու դեպքում։ Նշված օրինագիծն ապրիլի 15–ին պետք է քննարկման դրվի ԱԺ լիագումար նիստում։ Նախագծով նախատեսվում է նաև, որ ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների համար սահմանվելիք վճարները կդիտարկվեն որպես տեղական վճարներ։ Բացի այդ, այն ենթադրում է վարչական տուգանք սահմանել այն ուղևորների համար, ովքեր օգտվում են ծառայությունից՝ առանց վճար կատարելու։ Ավելին, նախատեսվել է գործարկել մեխանիզմներ՝ նման խախտումները կանխելու և բացահայտելու նպատակով, հայտնում է Sputnik Արմենիան։ «Քաղաքացուն ուզում են «տուգանքի մատերիալ» դարձնել։ Մենք պայքարում են այն օրինագծի դեմ, որով տուգանվելու են տրանսպորտի թանկացման դեմ բողոքող և չվճարող քաղաքացիները»,–ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։ Ըստ օրինագծի՝ եթե ուղևորը վճարումը չի կատարել, ապա նրան սպառնում է 10,000 դրամ տուգանք, իսկ եթե նա օգտվում է տրանսպորտից՝ կիրառելով մեկ այլ անձի՝ օրինակ ընտանիքի անդամի արտոնությունների փաթեթը, ապա տուգանքը կկազմի 15,000 դրամ։ Լիազորված մարմիններին նախատեսված է տալ հնարավորություն կիրառելու տարբեր տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ տեսագրող, լուսանկարող կամ ձայնագրող սարքեր՝ վարչական իրավախախտման դեպքերը հայտնաբերելու և ուղևորներին նույնականացնելու համար։ Ուղևորներից պահանջվում է նստելուց անմիջապես հետո, առավելագույնը՝ մեկ րոպեի ընթացքում, կատարել վճարումը և մինչ ուղևորության ավարտ պահել տոմսը կամ այլ վավերացված կրիչ։ Վճարման փաստը, անհրաժեշտության դեպքում, պետք է ներկայացվի վերահսկող անձին, իսկ դրա բացակայությունը կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության։ Լիազորված անձինք նաև կարող են դիմել բնակչության պետական ռեգիստր՝ չվճարող ուղևորի ինքնությունը պարզելու նպատակով՝ տեխնիկական միջոցներով ստացած տվյալների հիման վրա, իսկ եթե քաղաքացին հրաժարվում է նույնականացումից, կարող են դիմել ոստիկանություն։ Փետրվարի 11–ին Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։ Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |