Խամոյան․ Իշխանությունն անակնկալ է պատրաստել՝ ձեզ ոչ միայն հարկելու են, այլև՝ դատելու

Խամոյան․ Իշխանությունն անակնկալ է պատրաստել՝ ձեզ ոչ միայն հարկելու են, այլև՝ դատելու

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ԱԺ ամբիոնից զգուշացրել է, որ իշխանությունները պատրաստվում են ոչ միայն հարկել, այլև հնարավոր քրեական գործեր հարուցել քաղաքացիների դեմ՝ հայտարարագիր չներկայացնելու դեպքում։

«Սիրելի քաղաքացիներ, իշխանությունը ձեզ համար անակնկալ է պատրաստել: Ձեզ ոչ միայն հարկելու են, ձեզ նաև դատելու են»,- ասել է Խամոյանը, հայտնում է «Առավոտը»։

Նա հիշեցրել է, որ փետրվարին ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին շատ ուղիղ հարց էին տվել՝ ինչ է սպասվում այն քաղաքացիներին, որոնք հայտարարագիր չեն լրացնի: Հակոբյանն, ըստ Խամոյանի, ներկայացրել էր այն վարչական պատասխանատվությունը, որին կենթարկվեն հայտարարագիր չլրացրած քաղաքացիները։

«Մի դեպքում 5-50,000 դրամ, եթե նախազգուշացում է ստանում ու էլի չի լրացնում, տուգանքը կրկնապատկվելու է: Հարցնում ենք՝ այսքա՞նը, պարոն Հակոբյան, ասում է՝ այդքանը: Մի անգամ էլ կրկնապատկում ու այդտեղ ավարտվում է, բանալի բառը՝ ավարտվում է: Բայց քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեզ սովորեցրել է, որ այս իշխանությունների բանավոր խոսքին հավատալ չի կարելի, հաջորդ օրը հարցում եմ պատրաստում և ուղարկում ՊԵԿ նախագահին:

Մի ամիս մտածելուց հետո երեք էջով ՊԵԿ նախագահը պատասխանում է՝ «Քրեական հետապնդումը բացառելու հնարավորության հարցի վերաբերյալ դիրքորոշում տալը դուրս է ՊԵԿ-ի իրավասությունների շրջանակից»: Հիմա կասեք՝ ի՞նչ քրեական պատասխանատվության մասին է խոսքը: Քրեական օրենսգրքի 444 հոդվածով սահմանվում է՝ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը պատժվում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկմամբ»,–ասել է Խամոյանը։

Պատգամավորը ընթերցել է նաև Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի երկրորդ մասը, որտեղ նշվում է, որ եթե հայտարարագրում ներկայացվել են կեղծ տվյալներ կամ թաքցվել են տվյալներ, և դա հանգեցրել է առանձնապես խոշոր չափի՝ 1 միլիոն դրամը գերազանցող ծախսերի, գույքի կամ եկամտի չհայտարարագրման, ապա այդ արարքը կարող է պատժվել 3-6 տարվա ազատազրկմամբ։

Խամոյանը շեշտել է, որ խոսքը վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք չեն լրացնելու հայտարարագիր կամ չեն հայտարարագրելու իրենց եկամուտները։

ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։

 Ուշագրավ
---