Խաչատրյան. Խախտվում է ՏԻՄ-երի ինքնակառավարման իրավունքը

Խաչատրյան. Խախտվում է ՏԻՄ-երի ինքնակառավարման իրավունքը

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ ՏԻՄ-երը, իբրև լիազորված կառույցներ, չեն կարող սահմանափակվել օրենքով իրենց վերապահված իրավունքների իրագործման մեջ, իսկ եթե խախտում են թույլ տալիս, ապա դրա կարգավորման համար գոյություն ունեն իրավապահ մարմիններ՝ ոստիկանություն, դատախազություն և քննչական ծառայություններ:

Նա հավելել է, որ կոպտորեն խախտվում է տեղական ինքնակառավարման իրավունքը, հայտնում է Auroranews.am-ը։

«Տեսեք, եթե դա սուբվենցիա և սուբսիդիա է, ես լիովին հասկանում եմ՝ պետությունը գումար է տվել, գնում է նայի իր գումարը ըստ նպատակի՞ է ծախսվել, թե՝ չէ։ Եվ այստեղ էլ արդեն, եթե անտրամաբանական է այդ գումարը տրվում ոչ թե համայնքը պետք է պատժվի, այլ, օրինակ, այդ գումար տվողը: Հիմա, սեփական եկամուտներ և դոտացիաներ։ Այդ գումարները համարվում են սեփական եկամուտներ: Համահարթեցման միջոցով տրված փողը պետության լավությունը չի, դա պետության պարտավորությունն է, դու տալիս ես այդ գումարը տեղական ինքնակառավարման մարմիններին և ասում ես՝ դա քո փողն է»,- ասել է նա:

Խաչատրյանը նաև նշել է, որ նախօրեին զրույց է ունեցել մի քանի համայնքապետի հետ, որոնցից տեղեկացել է, որ իրենց համայնքներից պետական բյուջե ամենատարբեր հարկերի՝ եկամտային, շահութային, ավելացված արժեքի, ակցիզային և այլնի տեսքով վճարվում են զգալի գումարներ, սակայն այդ գումարների միայն մի փոքր հատված է հետ վերադարձվում իրենց՝ համահարթեցման մեխանիզմի միջոցով։

«Մյուսներն ավելի քիչ են տալիս, ավելի շատ են ստանում, որպեսզի ապահովի համայնքների հավասար զարգացումը, գործում է այդ մեխանիզմը, դրա համար եմ ասում, թող պետական կառավարման մարմինները չխառնեն այդ ամեն ինչը։ Սրանով կոպտորեն խախտվում է, ներողություն, կոպտորեն խախտվում է տեղական ինքնակառավարման իրավունքը»,- հավելել է նա:

 Ուշագրավ
---