Միրզոյանը և Սինիրլիօղլուն խոսել են ՀՀ–Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին

Միրզոյանը և Սինիրլիօղլուն խոսել են ՀՀ–Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն խաղաղության հաստատման ջանքերի համատեքստում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացները՝ մասնավորապես կարևորվել է այն հանգամանքը, որ խաղաղության և միջպետական հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է։

Միրզոյանն շեշտել է համաձայնագրի ստորագրման կարևորությունն ու անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին։ Նա ներկայացրել է նաև խաղաղության գործընթացի այլ բաղադրիչների ուղղությամբ ՀՀ-ի կառուցողական առաջարկները։

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի քննարկման ժամանակ ընդգծվել է Հարավային Կովկասի՝ որպես յուրահատուկ տարանցիկ կենտրոնի ներուժը, ինչպես նաև օգտվելու անհրաժեշտությունը ստեղծված հնարավորություններից։

«Հենց այս ընկալումն է դրված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում»,-հավելել է նախարարը։

Արարատ Միրզոյանն և Ֆերիդուն Սինիրլիօղլուն կարծիքներ են փոխանակել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

 Ուշագրավ
---