Փաշինյան․ Նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը

Փաշինյան․ Նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել հասարակության իրական կամքը։ Այս հայտարարությունն նա արել է «Ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը» խորագրով համաժողովի ընթացքում։

«Ես կարծում եմ, որ ՀՀ–ում հաստատված իրավակարգերի և ժողովրդի միջև ճեղք կա։ Իրավակարգի այդ ճեղքը կախված է և կապված է նրան հետ, որ ըստ էության` բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, դրանց ժամանակ պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը»,– նշել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Վարչապետը նաև ընդգծել է, որ սա խորքային, արմատական խնդիր է, քանի որ ժողովրդի և գործող իրավակարգի միջև բացակայում է օրգանական կապը։ Նրա գնահատմամբ՝ իրավակարգում առկա այդ բացերը վկայում են, որ Հայաստանը դեռ չի հասել այն մակարդակին, որը ցանկալի է եղել՝ որպես զարգացած և ժողովրդավարական պետություն։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության արդյունքում կառավարման մոդելի փոփոխություն չի լինելու, նոր տեքստն էլ պատրաստ կլինի մինչև 2026 թվականին սպասվող ընտրությունները։

 Ուշագրավ
---