Թունյան․ Մոտ 35,000 մարդ է հայտարարագիր ներկայացրել՝ սա փոքր թիվ է

Թունյան․ Մոտ 35,000 մարդ է հայտարարագիր ներկայացրել՝ սա փոքր թիվ է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել է, որ մինչ օրս մոտ 35 հազար քաղաքացի է ներկայացրել հայտարարագիր:

«Սա հայտարարագրման պարտավորություն ունեցողների շատ փոքր տոկոսն է կազմում»,- ասել է Թունյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Պատգամավորը նշել է, որ այդ ցուցանիշի ձևավորմանը նպաստել են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ հանգամանքներ։ Նրա խոսքով՝ մարդկանց զգալի մասը դեռևս չի լրացրել հայտարարագիր՝ նույնականացման քարտ ստանալու ընթացակարգի ձգձգման պատճառով։ Մյուս հատվածն էլ, ըստ Թունյանի, արդեն մի քանի ամիս տեղեկացված է, որ հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը։

Իշխանական ուժի ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ ընդդիմադիր որոշ շրջանակներ հակակառուցողական մոտեցում են ցուցաբերել․ «դեմոնիզացրել են հայտարարագրման համակարգը, ուստի իրենք ստիպված են մեծ աշխատանք կատարել քաղաքացիների հետ»։

«Մայիսի 1-ը՝ որպես վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, փոխում ենք՝ այս տարվա և հաջորդ տարվա համար սահմանելով նոյեմբերի 1-ը: Այսինքն՝ այն մարդկանց համար, որոնք հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1–ը: Նրանց համար, որոնք հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, վերջնաժամկետը նույնպես դառնում է նոյեմբերի 1–ը: Դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1–ը»,–ասել է Թունյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նոր նախագծով ամրագրվել է ոչ միայն վերջնաժամկետը, այլև հայտարագրման մեկնարկի ժամանակը: Մինչ այժմ քաղաքացիները կարողացել են հայտարարագիր ներկայացնել հունվարի 1-ից սկսած՝ մինչև մայիսի 1-ը: Սակայն առաջարկվող կարգավորումներով նոր մեկնարկային ժամկետ է սահմանվում՝ մարտի 2:

«Այսինքն՝ դրանից շուտ պետությունը հայտարարագիր չի ընդունելու, որպեսզի պետական համակարգը հնարավորություն ունենա նաև գործատուներից և հարկային գործակալներից որոշակի ինֆորմացիա ստանալ և ավելի ամբողջական, ինքնաշխատ տարբերակով լրացնել այդ հայտարարագրերը»,– նշել է պատգամավորը:

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Թադևոս Ավետիսյանը հայտնել է, որ իր տվյալներով՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց ընդամենը 5 տոկոսն է կատարել այդ պահանջը։

Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով սահմանվել է, որ 2025 և 2026 թվականներին քաղաքացիները պետք է իրենց եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնեն մինչև նոյեմբերի 1-ը, իսկ դրանից հետո՝ ամեն տարի՝ մինչև հուլիսի 1-ը: Հայտարարագրերը հնարավոր կլինի ներկայացնել սկսած մարտի 2-ից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---