Շենգավիթի ղեկավար․ Մեր աշխատակիցներից մեկը տնային կալանքի տակ է

Շենգավիթի ղեկավար․ Մեր աշխատակիցներից մեկը տնային կալանքի տակ է

PanARMENIAN.Net - Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած վերջին ձերբակալություններին, ասել է, որ աշխատակիցներից մեկն այս պահին տնային կալանքի տակ է։

«Որևէ այլ բան չեմ կարող ասել։ Կարող եմ փաստել և վերահաստատել մեր դիրքորոշումը, որ համայնքային բյուջեից 1 լումա անգամ գողանալը, մեղմ ասած, սրիկայություն է»,–ասել է նա։

Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչներին արդյունավետ աշխատանքի համար՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ որոշ լրատվամիջոցներ տարածել են լուսանկարներ, որոնք կարող էին հանրությանը մոլորության մեջ գցել, հայտնում է 1lurer.am-ը։

«Տպավորությունն այնպիսին էր՝ կարծես ինձ են ձերբակալել: Իրականում և՛ զավեշտալի էր, և՛ տխրեցնող...Դեպքը տեղի չի ունեցել վարչական շենքում և վարչական ղեկավարի ներկայությամբ. դա ևս լրատվամիջոցների կողմից ամբողջությամբ հակառակ ուղղությամբ ներկայացվեց»,- շեշտել է նա:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով հարցին, ընդգծել է՝ առանց խախտելու անմեղության կանխավարկածը, հարկ է արձանագրել, որ կոռուպցիոն վարքագիծը համակարգում չի հանդուրժվում:

«Այս մակարդակում ինչքա՞ն պետք է նման գործողություններ տեղի ունենան, որ մենք խաղի կանոնները հասկանանք»,- ասել է՝ դիմելով Մկրտչյանին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում իրավապահ մարմինները իրականացրել են գործողություններ, որոնց արդյունքում աշխատակիցներ են ձերբակալվել՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

 Ուշագրավ
---