Փաշինյանի մասնակցությամբ համաժողովին հրավիրվել են միայն պետական ֆինանսավորմամբ ԶԼՄ-ները

Փաշինյանի մասնակցությամբ համաժողովին հրավիրվել են միայն պետական ֆինանսավորմամբ ԶԼՄ-ները

PanARMENIAN.Net - Ապրիլի 21–ին մեկնարկել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագիրը կրող համաժողովը, որն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։

Հրավիրվել են միայն պետական ֆինանսավորմամբ ԶԼՄ-ները, հայտնում է Factor.am-ը։

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ընդունվել է որպես «ժողովրդավարության բաստիոն», միջոցառման կազմակերպիչները զգալիորեն սուբյեկտիվ վերաբերմունք են դրսևորել մեդիայի նկատմամբ՝ հրավիրելով միայն ընտրված լրատվամիջոցների։

Արդարադատության ոլորտի տարիներ շարունակ բարձրացվող խնդիրներին նվիրված այս համաժողովին մասնակցելու հնարավորություն է ընձեռվել միայն Հանրային հեռուստաընկերությանը, «Արմենպրես» գործակալությանը և «Ֆոտոլուր»-ին»,–ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանն ասել է, որ այլ լրատվամիջոցներ չեն հրավիրվել դահլիճի հզորության սահմանափակումների պատճառով։

«Հաշվի առնելով միջոցառման առանձնահատկություններն ու դահլիճի տեխնիկական հնարավորությունները, ելնելով միջոցառմանը մասնակցող հյուրերի թվից` ավելի քան 150, որոշում է կայացվել հրավիրել մի քանի ԶԼՄ: Ցանկանում եմ շեշտել, որ այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով դահլիճի սահմանափակ տեխնիկական հնարավորությունները: Ավելորդ է խոսել այն մասին, որ սա խտրական մոտեցում է ԶԼՄ գործընկերների նկատմամբ: Լիահույս եմ, որ հաջորդիվ կփորձենք ապահովել հետաքրքրված բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցչությունը»,- ասել է Մարիամ Մելքումյանը։

Նշվել է նաև, որ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների թիվը նույնպես սահմանափակ է եղել, պարզ չէ, թե ովքեր են եղել հրավիրված 150-ից ավելի հյուրերը և ինչ չափանիշներով է որոշվել նրանց գերակայությունը մեդիայի ներկայացուցիչների նկատմամբ։

ԱԺ–ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ Հայաստանի պատմության ընթացքում մամուլը երբեք չի եղել այսքան ազատ, ինչպիսին է ներկայում, գրում է Aysor.am-ը։

Նրա խոսքով, նման իրավիճակ, երբ ընդդիմադիր ուժերն ունեն լրատվական դաշտի բացարձակ գերակշռություն, մինչդեռ իշխանության տրամադրության տակ է ընդամենը դրա 10 տոկոսը, նախկինում երբեք չի արձանագրվել։

Կոնջորյանի խոսքերով. «Հայաստանում չի եղել նման բան, որ ընդդիմությունը տիրապետի լրատվական դաշտի 90 տոկոսին, իշխանությունը՝ 10 տոկոսին, Հայաստանում երբեք չի եղել, որ ընդդիմությունը տիրապետի տասնապատիկ ավելի շատ ռեսուրսի, քան՝ իշխանությունը»,- նշել է նա։

 Ուշագրավ
---