Երեւան են ժամանել դիտորդներ Եվրամիությունից եւ Եվրախորհրդից

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրոպական դիտորդների պատվիրակությանը: Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի եւ Եվրոմիության ռեգիոնների կոմիտեի 16 անդամները Հայաստան են ժամանել մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Այդ մասին նշվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո հաղորդագրության մեջ:



Ողջունելով հյուրերին, փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց` հրավերն ընդունելու եւ դիտորդական առաքելություն ստանձնելու համար:



Նա նշեց, որ թեեւ Երեւանը բնակչության թվով Հայաստանի մեկ երրորդն է կազմում, սակայն քաղաքական, տնտեսական եւ շատ այլ առումներով` առաջատարն է: Այնպես որ, Երեւանում կատարվող զարգացումները համապետական նշանակություն են ունենում:



Փոխվարչապետը կարեւորեց, որ մայիսի 31-ին Հայաստանում առաջին անգամ կկայանան Տեղական ինքնակառավարման մարմնի համամասնական ընտրություններ: Այնուհետեւ այդ փորձը կտարածվի նաեւ այլ համայնքների վրա, քանի որ համամասնական ընտրությամբ առավել կայացած տեղական իշխանություն կձեւավորվի:



Արմեն Գեւորգյանը վստահություն հայտնեց, որ կձեւավորվի Երեւանի առողջ, մրցունակ ավագանի, որի առաջնահերթ նպատակը կլինի երեւանցիներին ծառայելը:



Քարոզարշավի ընթացքում բազմակարծության ապահովումը նա ներկայացրեց Երեւանի մամուլի ակումբի դիտարկումների արդյունքներով տրված դրական գնահատականով:



Փոխվարչապետը տեղեկացրեց, որ երեւանցի ընտրողների համար ստեղծվել է ընտրապայքարին մասնակցող բոլոր կուսակցությունների ծրագրերին, մոտեցումներին ծանոթանալու եւ ընտրություն կատարելու հնարավորություն:



Արմեն Գեւորգյանը հույս հայտնեց, որ ընդդիմությունը ներկայացված կլինի Երեւանի ավագանու կազմում, ինչի շնորհիվ այդ մարմնի աշխատանքն ավելի բաց եւ արդյունավետ կլինի:
 Ուշագրավ
---