Փորձագետ․ Facebook-ում այլևս չեն արգելափակվում Մոնթեի լուսանկարներով օգտահաշիվները

Փորձագետ․ Facebook-ում այլևս չեն արգելափակվում Մոնթեի լուսանկարներով օգտահաշիվները

PanARMENIAN.Net - Facebook–ն այլևս չի արգելափակում ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի նկարներով կամ նրա անվան հիշատակմամբ օգտահաշիվները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Հայրապետյանը։

Վերջին տարիների ընթացքում Facebook-ը բազմիցս սահմանափակել է օգտատերերի հասանելիությունը այն դեպքերում, երբ վերջիններս հրապարակել են Արցախյան առաջին պատերազմի հերոսի լուսանկարները։

«Եկեք վերջնականապես արձանագրենք.

META ընկերությունը ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի նկարի, պատմության կամ անունը օգտագործելու համար այլևս պրոֆիլ / էջ / խումբ չի ջնջում:

Հրամանատարի նկարը ժամանակ առ ժամանակ ջնջում են սակայն բողոքարկելու արդյունքում հիմնականում վերականգնում են։ Նաև դեպքեր են լինում, որ հրամանատարի անուն ազգանունը պարունակող գրառումներն են հեռացնում, որոնք բողոքարկելու արդյունքում վերականգնվում են:

Շատ կարևոր է ավելի ու ավելի հաճախ կիսվել հրամանատարի նկարներով ու պատմություններով։ Շատ կարևոր է հաճախակի օգտագործել հրամանատարի անուն ազգանունը ու ամեն անգամ երբ META-ն կհեռացնի դա՝ շատ կարևոր է բողոքարկել ու շահել:

Մենք հիմա գործ ունենք META ընկերության սեփական ներքին օրենսդրության պահանջների հետ, որոնք վաղուց ավտոմատացված են, ասել է թե՝ գոյություն ունեն բոտեր, որոնք ֆիլտրում են ըստ բառի ու ըստ նկարի և ջնջում այն: Tևական ժամանակ բողոքարկելու արդյունքում մենք կհասնենք այն կետին, որ հրամանատարի հարցը բոտերի տիրույթից կտեղափոխվի ռեալ ադմինների տիրույթ, բայց սրա համար համառ պայքար ու ժամանակ է պետք, համառ ու ազգային միասնական պայքար

Հ. Գ. Հիմա մեր խնդիրը Մոնթեն է, սակայն ապագայում գուցե այլ մեծություն էլ լինի, պետք է տեր կանգնենք մեր մեծերին, մեր պատմությանն ու մեր ինքնությանը։ Նկարում դուք տեսնում եք META-ի կողմից ջնջնված, սակայն իմ կողմից բողոքարկման արդյունքում վերականգնված գրառումը։ Որպես կանոն բողոքարկումից հետո վերականգնված գրառումը/նկարը էլ երբեք չեն հեռացնում»,–ասվում է գրառման մեջ։

Մոնթեն 1992 թվականին ստանձնել է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է Քարվաճառը։

1993 թվականի հունիսի 12-ին՝ Աղդամի կրակակետերի դեմ ուղղված լայնածավալ գործողությունից հետո, Մոնթեն իջել է հրամանատարական բարձունքից՝ զինակիցների հետ անձամբ վերահսկելու իրավիճակը և մարտիկներին դիրքավորելու նպատակով։ Մարզիլի գյուղի մերձակայքում նրանց դիմաց անսպասելի հայտնվել է հակառակորդի զրահամեքենան, որի արձակած հրթիռի բեկորից հերոս հրամանատարը զոհվել է անհավասար ճակատամարտում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---