ՀԺՄ–ն դիմել է միջազգային լրագրողական կազմակերպություններին․ Իշխանությունն անցել է լրագրողներին ահաբեկելուն

ՀԺՄ–ն դիմել է միջազգային լրագրողական կազմակերպություններին․ Իշխանությունն անցել է լրագրողներին ահաբեկելուն

PanARMENIAN.Net - Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ-ուղերձով դիմել է միջազգային լրագրողական կազմակերպություններին՝ նշելով, որ գործող իշխանությունն ակնհայտորեն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին:

Նշվում է նաև, որ իշխանությունները ցանկացած իրավիճակում քավության նոխազ են դարձնում լրագրողներին՝ ատելություն սերմանելով նրանց նկատմամբ:

«Հայաստանում լրագրողների դեմ 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո մեկնարկած արշավը ոչ միայն շարունակվում է, այլև նոր դրսևորումներ է ստանում:

Գործող իշխանությունն ակնհայտորեն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին: Վերջին շրջանում լրագրողների դեմ իշխանական պատգամավորների հարձակումները, այդ թվում՝ սոցիալական ցանցերում և իրենց հետ փոխկապակցված լրատվամիջոցների անվան տակ հանդես եկող կայքերում թիրախավորման դեպքերը այլ կերպ հնարավոր չէ բացատրել»:

Ապրիլի 18-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կրկին ուղիղ թիրախավորել է «http://Factor.am » կայքի լրագրող Նարեկ Կիրակոսյանին՝ վերջինիս մասնագիտական պարտականությունները կատարելիս, ակնհայտորեն խոչընդոտելով նրա աշխատանքը։

Ժողովրդական ներկայացուցիչների համար անհրաժեշտ է պատշաճ արձագանք տալ լրագրողի հարցերին, քանի որ յուրաքանչյուր լրագրող, Ազգային ժողովում գտնվելով, իրավասու է հարց ուղղելու ցանկացած պատգամավորի։

Լրագրողը հենց այդ իրավունքով է փորձել օգտվել, սակայն իշխանական պատգամավորն առանց հարցը լսելու կորցրել է ինքնատիրապետումը, սկսելով գոռալ, հարվածել միկրոֆոնին, թափահարել հեռախոսը, վիրավորել և մատ թափ տալ լրագրողի ուղղությամբ։

Այսպիսի անթույլատրելի վերաբերմունքը լրագրողների նկատմամբ նոր երևույթ չէ, սակայն դարձել է ավելի ընդգծված, քանի որ իշխանական պատգամավորները զգացել են իրենց անպատժելի՝ չունենալով ո՛չ հանրային, ո՛չ էլ իրավական հետևանքներ իրենց արարքների համար։

Անպատժելիության մթնոլորտը բորբոքել է նման վարքագծերը՝ նոր դրսևորումներով շարունակելով թիրախավորել ոչ միայն լրագրողին, այլև հենց նրա կատարած գործը։ Իշխանությունը շարունակաբար փորձում է լրագրողին ներկայացնել որպես պատասխանատու կողմ՝ ցանկացած իրավիճակում դարձնելով նրան քավության նոխազ։

Այդ անպատժելիությունը լրագրողների թիրախավորման նորանոր դեպքերի ու դրսևորումների պատճառ է դառնում»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Երևանում Արցախի ներկայացուցչության մերձակայքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում փոքրաթիվ, սակայն ագրեսիվ գործող խմբի անդամները հանդես են եկել դատապարտելի պահվածքով՝ ուղղելով վիրավորական արտահայտություններ լրագրողների հասցեին, բղավելով նրանց վրա, «հրամայելով» հեռանալ և չլուսաբանել բողոքի ակցիան։

«Հանրային վայրում հանրային գործունեություն իրականացնող որևէ անձ կամ խումբ չէ, որ պիտի որոշի՝ լրագրողներն ինչ լուսաբանեն, ինչպես, իրենց ինչ հարցեր տան կամ չտան: Հարց տալու իրավունքը լրագրողինն է, պատասխանելու կամ չպատասխանելու իրավունքը՝ ակցիա իրականացնողներինը:

Ոչ ոք չի կարող ցուցում տալ՝ ինչպես աշխատի լրագրողը, ոչ ոք իրավունք չունի նրա վրա գոռալ, վիրավորել լրագրողին, առավել ևս՝ նրա աշխատանքի անհնարինության գործողություններ կատարել:

Լրագրողի մասնագիտական գործունեությունը պետք է ընթանա առանց խոչընդոտների, և ոչ մի դեպքում նա չպետք է ենթարկվի անվտանգության ռիսկեր պարունակող միջավայրի»,–ասվում է հայտարարության մեջ։

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է արել Եվրոպական և Միջազգային ժուռնալիստների ֆեդերացիաներին արձագանքել ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Հայաստանի Ազգային ժողովում, որը համարվում է օրենսդիր իշխանության մարմին, լրագրողների գործունեությունը ոչ միայն խոչընդոտվում է, այլ իրականացվում է մշտական վիրավորանքների և սպառնալիքների մթնոլորտում՝ ի դեմս որոշ պատգամավորների։

Միությունը նաև խնդրել է միջազգային գործընկեր կառույցներին արձագանքել, ընդգրկել այդ հարցը համապատասխան զեկույցներում և օժանդակել իշխանության ներկայացուցիչներին զսպելու նպատակով հարցի հասցեագրմանը։

«Հայաստանը «Ժողովրդավարական բաստիոն» հռչակած իշխանությունները կեղծ ժողովրդավարության, կեղծ արևմտյան արժեքների անվան տակ հետապնդումների են ենթարկում լրագրողներին, լրատվամիջոցներին, խոչընդոտում ազատ խոսքի իրավունքը և ատելություն սերմանում ԶԼՄ-ների և լրագրողների հանդեպ, որոնք առանց այն էլ աշխատում են այս իշխանությունների կողմից ի վնաս ԶԼՄ-ների փոփոխված օրենքներով ստեղծված խիստ ծանր պայմաններում: Իշխանություններն ավտորիտար կառավարություններին բնորոշ գործիքներով ամեն ինչ են անում, որպեսզի երկրում ուղղորդված և միակողմանի քարոզչությունն առաջնային տեղ զբաղեցնի»,–ասվում է հայտարարության մեջ։

ՀԺՄ-ն ևս մեկ անգամ կոչ է արել լրագրողներին չտրվել սադրանքներին, պահել լրագրողի էթիկայի կանոններն ու աշխատել մասնագիտական պրոֆեսիոնալիզմի շրջանակներում:

 Ուշագրավ
---