Բեգլարյան․ Պահանջում եմ որևէ ապացույց ներկայացնեն, երբ ինձ անվանարկում կամ զրպարտում են![]() 22 ապրիլի 2025 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով արցախցի Նահապետ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի Բեգլարյանը ևս թալանչի է, ապացույցներ է պահանջել։ «Ես պարզապես պահանջում եմ, որ որևէ ապացույց ներկայացնեն, երբ ինձ անվանարկում կամ զրպարտում են»,- ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։ Նա հավելել է, որ կան մարդիկ, որոնք փորձում են իրեն զրպարտել։ «Այժմ կարող եմ ես էլ իրեն կամ իրեն ուղղորդողներին անվանել թալանչի։ Կան մարդիկ, որոնք փորձում են ինձ զրպարտել։ Եթե այդ անձնավորությունը դա անում է դիտավորյալ կամ դարձել է պրոպագանդայի զոհ՝ թող ինքը պարզաբանի։ Իսկ եթե չի կարողանում ապացուցել՝ ապա պետք է պարզապես լռի»,- նշել է Բեգլարյանը։ Բեգլարյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք հայտնի չե՞ն այն 48 ընտանիքների անունները, որոնց ցուցարարները մեղադրում են Արցախի ներդրումային հիմնադրամի ավելի քան 467 միլիոն դոլար գումարի յուրացման մեջ։ «Չի կարող անհայտ լինել։ Հայաստանի իրավապահ մարմինները բոլոր ցուցակներն ունեն, ինչպես նաև տվյալների շտեմարանները։ Շատերից արդեն վերցրել են վկայություններ։ Եթե քաղաքական կամք լիներ, կարող էին վաղուց բացահայտել»,–ասել է նա։ Բեգլարյանը, սակայն, զգուշացրել է՝ հարկ է զգուշությամբ մոտենալ հրապարակված թվերին։ «Որքան տեղյակ եմ, այդ թվերը վերաբերում են հիմնադրամի ընդհանուր շրջանառությանը։ Այդ գումարները ներառում են բազմաթիվ բիզնես կամ ենթակառուցվածքային ծրագրեր։ Դրանցով շենքեր են կառուցվել և այլն։ Հետևաբար, սխալ է ամբողջ գումարը ներկայացնել որպես յուրացված միջոց»,–ասել է նա։ Նա ընդգծել է, որ երբեք կապ չի ունեցել հիմնադրամի հետ։ «Ես նույնիսկ հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ եղել, քանի որ իմ լիազորությունները չեն վերաբերվել տնտեսական կամ ֆինանսական ոլորտներին։ Ես երբեք ոչ մի գումար չեմ ստացել հիմնադրամից, բացի իմ աշխատավարձից։ Եվ այն էլ ամբողջությամբ հայտարարագրել եմ օրենքով սահմանված կարգով։ Եթե որևէ մեկը կասկածում է իմ ազնվությանը՝ կարող եմ հրավիրել և ներկայացնել բանկային հաշիվներս։ Սակայն, եթե զրպարտությունները շարունակվեն, ստիպված կլինեմ դատարանով պահանջել ներողություն»,–ասել է նա։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ որոշ մարդկանց ուղղորդում են, նա ասել է․ «Չեմ բացառում։ Բավականին խոսակցություններ կան դրա շուրջ, բայց այս պահին անուններ չեմ ցանկանում հրապարակել։ Ես չգիտեմ՝ նրանց նպատակը որն է, բայց հստակ տեսնում եմ, որ նման ակցիաները, երբ պահանջները ներկայացվում են Արցախի, այլ ոչ թե Հայաստանի իշխանություններին, լրջորեն վտանգում են Արցախի պետական ինստիտուտների կայունությունն ու ապագան։ Նպատակին գնահատական չեմ տա՝ թող իրենք պարզաբանեն։ Բայց եթե իրոք ուզում են պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները՝ պետք է աջակցեն նաև Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը։ Այլ հարց է, թե այդ ինստիտուտները ինչ են անում, ես, օրինակ, կարծում եմ՝ ավելի հրապարակային և ակտիվ պետք է լինեն։ Բայց անկախ անձերից՝ ինստիտուտներն են կարևոր»։ Հարցին, թե արդյոք ստացվում է, որ «թալանի դեմ պայքարի» անվան տակ արշավ է ընթանում Արցախի պետական ինստիտուտների դեմ, Բեգլարյանը նշել է, որ ունի կանխավարկած՝ այդ մարդիկ պարզապես չեն գիտակցում իրենց գործողությունների վտանգավոր հետևանքները։ Նա նաև չի բացառել, որ մայիսի 21-ին՝ Արցախի նախագահի ընտրության օրը, նույնպես նման ակցիաներ կարող են տեղի ունենալ։ «Ես հորդորում եմ մեր հայրենակիցներին՝ զգուշություն ցուցաբերել, սլաքները ճիշտ ուղղությամբ ուղղել ու ճիշտ օրակարգ ձևակերպել։ Ես պատրաստ եմ կանգնել յուրաքանչյուրի կողքին, եթե օրակարգն ինձ համար ընդունելի է՝ անկախ իմ վերապահումներից այս կամ այն անձի կամ կազմակերպության նկատմամբ»,- ավելացրել է Բեգլարյանը։ Արցախցի ակտիվիստ Նահապետ Սարգսյանը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք այն խումբը, որ բողոքի ակցիաներ էր անցկացրել Արցախի ներկայացուցչության մոտ, ունի նախագահի իր թեկնածուն, ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև մայիսի 21-ին կայանալիք նախագահական ընտրությունների հարցը։ Ապրիլի 18–ին Արցախի ներկայացուցիչության առջև հավաքված արցախցիները պահանջել են նախագահ Սամվել Շահրամանյանի միջամտությունը սոցիալական խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև դատախազության ներգրավմամբ վերականգնել այն գումարները, որոնք, իրենց պնդմամբ, հափշտակվել են Արցախի 48 ընտանիքների կողմից։ Խոսքը 467 միլիոն դոլարի մասին է: Նրանք վստահեցրին, որ այդ գումարները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է փոխանցել Արցախին։ Ակցիայի սկզբում Սամվել Շահրամանյանից նաև պահանջեցին գնալ դատախազություն և իմանալ, թե ինչ փուլում է 1.5 տարի առաջ հարուցված քրեական գործը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |